Նիդերլանդների դեսպանատունը դրամաշնորհներ կտրամադրի հայկական 6 մեդիա կազմակերպությունների

 |armenpress.am|
21:15 - 10 մայիսի, 2022

Նիդերլանդների դեսպանատունը դրամաշնորհներ կտրամադրի հայկական 6 մեդիա կազմակերպությունների |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների Թագավորության կառավարությունը իր արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացնում ժողովրդավարական արժեքների, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության եւ անկախ մամուլի խրախուսմանը ամբողջ աշխարհում, եւ որպես Հայաստանի Հանրապետության գործընկեր՝ գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ նաև Հայաստանում: Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը պայմանագրեր ստորագրեց հայաստանյան վեց մեդիա կազմակերպության հետ նրանց դրամաշնորհներ տրամադրելու վերաբերյալ:

Նիդերլանդական կառավարության դրամաշնորհային ծրագրերն ուղղված են լինելու Հայաստանում մարդու իրավունքների խնդիրների վերհանմանն ու լուսաբանմանը, խոսքի ազատության եւ անկախ մամուլի զարգացման խրախուսմանը:

«Այսօր տարբեր կարևոր պայմանագրեր ստորագրեցինք մամուլի ազատության ոլորտում: Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը պատրաստ է աջակցել ձեր կազմակերպություններին: Նախորդ տարի մենք սկսեցինք մտածել մարդու իրավունքների ոլորտում մեր առաջնահերթությունների մասին եւ հասկացանք, որ մեդիան չի կարող դուրս մնալ այդ շարքից, մենք պետք է աջակցենք ազատ մամուլի զարգացմանը աշխարհի այնքան երկրներում, որքան կարող ենք: Եվ Հայաստանն այդ առումով բացառություն չէ: Մամուլի դերը ժողովրդավարության ամենակարևոր հիմնասյուներից է», - ողջունելով իր հյուրերին՝ հայտարարեց Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը:

Ստորագրված փաստաթղթերով Նիդերլանդների կառավարության կողմից դրամաշնորհներ են ստանալու «Հետք» առցանց պարբերականը, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հ/կ-ն, «EVN Report» անգլալեզու լրատվական կայքը եւ «Բուն TV»-ն:

Դրամաշնորհների տրամադրման մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը առնչված էր մամուլի միջազգային օրվան, սակայն տեխնիկական պատճառներով այն մեկ շաբաթ հետաձգվել էր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել