Այս օրերին շատ է խոսվում, թե ինչ է լինելու Նիկոլից հետո, ինչ ենք անելու, նոր կառավարությունը ինչպես է երկիրը դուրս բերելու այս իրավիճակից։ Ես այսօր փորձելու եմ ներկայացնել մի քանի կարևոր քայլեր, գործողություններ, սկզբունքներ, որը պետք է իրականացվի այս չարիքի կառավարության հեռացումից հետո։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
«Արցախը, Հայաստանի անկախությունը վտանգված են։ Ապազգային, ապիկար իշխանության պատճառով։ Այս վիճակը պարտավոր ենք շտկել։ Հնարավո՞ր է արդյոք։ Իհարկե, այո։ Ինչպե՞ս։ Ելքը անվտանգության, համերաշխություն, առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է։ Ուժեղ Հայաստան կերտելու համար նախ պետք է հեռացնենք սրանց և ձևավորվի իշխանություն, որը կապահովի թուրքաադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը, այն պետք է հիմնված լինի ռազմավարական գործընկեր երկրների ներգրավմամբ, հայոց զինված ուժերի վերակառուցմամբ, նոր որակի միջազգային դիվանագիտության հիման վրա»,- ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ այդ իշխանությունը պետք է վերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու ՀՀ հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
ՀՀ-ն կրկին դառնալու է ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ Երևանը կրկին դառնալու է համայն հայության սիրելի մայրաքաղաքը։
comment.count (0)