Մեծ յոթնյակի երկրներն աստիճանաբար կհրաժարվեն ռուսական նավթից, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ
14:10 - 09 մայիսի, 2022

Մեծ յոթնյակի երկրներն աստիճանաբար կհրաժարվեն ռուսական նավթից, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ

Մեծ Յոթնյակի երկրները կիրակի օրն անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ համաձայնության են եկել արգելել կամ աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի ներկրումից, իսկ Միացյալ Նահանգները հայտարարել է ռուսական «Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ պատժամիջոցների սահմանման մասին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար Մոսկվային պատժելու նպատակով, գրում է Reuters-ը։

«Մենք համաձայնության ենք եկել աստիճանաբար չեղարկել ռուսական էներգակիրներից մեր կախվածությունն, այդ թվում՝ արգելել կամ աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթի ներկրումից»։

«Մենք հոգ կտանենք, որ դա արվի ժամանակին և կանոնակարգված ձևով։ Մենք կաշխատենք միասին, ինչպես նաև մեր գործընկերների հետ՝ երաշխավորելու կայուն և շարունակական գլոբալ էներգամատակարարումներն ու հասանելի գները սպառողների համար», - ասված է G7-ի երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունում։

Իսկ ԱՄՆ-ն հայտարարել է ռուսական երեք հեռուստաալիքների դեմ պատժամիջոցների սահմանման մասին, երկիրը նաև արգելել է իր քաղաքացիներին հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին և վիզաների շուրջ 2600 սահմանափակում մտցրել ռուսաստանցի և բելառուս պաշտոնյաների համար։

«Գազպրոմբանկի» ղեկավարության դեմ ուղղված միջոցներն առաջինն էին, քանի որ մինչ այս ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները խուսափում էին այնպիսի քայլերից, որոնք կհանգեցնեին Եվրոպային մատակարարվող գազի խաթարումների։

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ «Գազպրոմբանկի» ղեկավարությանը վերաբերող պատժամիջոցները տարածվում են նաև «Գազպրոմբանկի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի և կառավարման նախագահ Անդրեյ Ակիմովի վրա։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել