Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ-ի որոշումը հրապարակվեց

 |factor.am|
18:34 - 06 մայիսի, 2022

Գագիկ Ջհանգիրյանը կշարունակի պաշտոնավարել. ՍԴ-ի որոշումը հրապարակվեց |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի ժամանակավոր պաշտոնավարումը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում։ Այս մասին տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Բարձր դատարանում վիճարկվում էր «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածը, ըստ որի սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները, որի 9-րդ մասում ասվում է․ «Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում»:

Իսկ 86-րդ հոդվածով սահմանված են Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը։ Հոդվածի 2-րդ մասում նշվում է, որ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով։ 20-րդ գլխով էլ սահմանված են դատավորի լիազորությունները դադարեցնելու և դադարելու դեպքերը։

Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու համար։

Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային ցենզը, միևնույն ժամանակ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մեկ այլ՝ 86-րդ հոդվածով, որով սահմանվում է ԲԴԽ անդամների լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը, ըստ էության, նախատեսվում է նաև մի փոքր ավելի ընդհանուր ձևակերպում, բայց ուղղակիորեն չի նախատեսում հենց տարիքային ցենզը՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամի վերաբերյալ։ Այսինքն՝ թեև տարիքային ցենզի հանգամանքը բառացի գրված չէ, բայց, ըստ Վարդևանյանի, դա անուղղակի ենթադրվում է։

Պատգամավորի դիտարկմամբ՝ դրույթն ուսումնասիրելու դեպքում, կարծես թե, բավականին հստակ է, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկան տարիքային շեմը, բայց քանի որ բառացիորեն գրված չէ, այն տարընկալումների, տարաբնույթ մեկնաբանությունների առարկա է դարձել հենց նույն Գագիկ Ջհանգիրյանի ընտրության դեպքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել