Վարչապետը կկարողանա համայնքապետ չընտրվելու դեպքում այդ պաշտոնում  ավագանու կազմից իր ուզած անձին պաշտոնակատար նշանակել․ ԱԺ-ն նախագիծ է քննարկում
13:52 - 06 մայիսի, 2022

Վարչապետը կկարողանա համայնքապետ չընտրվելու դեպքում այդ պաշտոնում ավագանու կազմից իր ուզած անձին պաշտոնակատար նշանակել․ ԱԺ-ն նախագիծ է քննարկում

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրվել՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը քննարկելու նպատակով։

Նախագծի հեղինակները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանն ու Վահագն Հովակիմյանն են։

Նախագծի բովանդակային մասից խոսելուց առաջ Հովակիմյանը նախ տեղեկացրեց, որ խնդիրը հրատապ է, եւ գործադիրի իրենց գործընկերների կողմից էլ են ստացել խնդրանք՝ այն հնարավորինս շուտ լուծելու համար, այդ իսկ պատճառով այսօր հրավիրել են արտահերթ նիստ՝ նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու նպատակով։ Դա նշանակում է, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո նախագծի երկրորդ ընթերցումը պիտի կազմակերպվի 24 ժամվա ընթացքում։

«ՏԻՄ մասին» օրենքում լրացումներ կատարելու առաջարկ իշխանությունը արել էր դեռ նախորդ ամիս՝ ապրիլի սկզբին։ Այդ փոփոխությամբ ՀՀ վարչապետին տրվեց լիազորություն՝ ընտրելու խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար բոլոր այն ֆորսմաժորային իրավիճակներում, երբ ինչ-ինչ պատճառներով տվյալ համայնքի ղեկավար չի ընտրվում։ Մասնավորապես, օրենքի 102-րդ հոդվածում ավելալցվեց 6-րդ մաս, ըստ որի՝ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ օրենքով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտանակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Այդ փոփոխությունը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից ստորագրվել էր 2022 թ․ ապրիլի 6-ին եւ ուժի մեջ մտել ապրիլի 17-ին։

Եվ այսօր՝ մայիսի 5-ին, ի լրումն այդ փոփոխության՝ իշխանական պատգամավորները ներկայացրել են մեկ այլ նախագիծ։

Այս նախագծով սահմանվում է, որ հիշյալ ֆորսմաժորային իրավիճակներում համայնքի ավագանու անդամը կարող է նշանակվել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, այնինչ գործող կարգավորումներով դա չի թույլատրվում։ Մասնավորապես, «ՏԻՄ մասին» օրենքի 19-րդ հոդվածը, որ սահմանում է համայնքի ավագանու անդամի՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը, ի թիվս այլնի, ավագանու անդամին արգելում է լինել համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար։

Նախագիծը ներկայացնելիս Վահագն Հովակիմյանն ընդգծեց, որ նույն օրենքի 27-րդ հոդվածը, որ սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար հասկացությունը, դրա համար միայն մեկ պահանջ է նախատեսում․ պաշտոնակատարը պետք է լինի ՀՀ քաղաքացի․ «Բայց նույն օրենքը ունի նաեւ 19-րդ հոդված, որը մեծամասնական ընտրակարգին է վերաբերում, որի դեպքում օրենքը նախատեսում է, որ ավագանու անդամը չի կարող լինել համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս դեպքում, հաշվի առնելով, որ խոշորացված համայնքները համամասնական ընտրակարգով ձեւավորված համայնքներ են, որպեսզի այս տարընթերցումը, այս հակասությունը վերանա, ուղղակի առաջարկվում է այդ 6-րդ մասում ավելացնել ամրագրում, որ այն 19-րդ հոդվածի կարգավորումը ֆորսմաժորային իրավիճակներում չի գործում»,- ասաց նախագծի հեղինակը՝ հավելելով․ «Սրանով հնարավորություն ենք տալիս վարչապետին, որ նա իր քաղաքական կամքը իրացնելիս լինի անկաշկանդ եւ նշանակի այն անձին, ում կցանկանա»։

Այսինքն՝ նախագծի ընդունման դեպքում վարչապետը լիազորություն է ունենալու նաեւ ավագանու անդամների կազմից նշանակել այն համայնքի ղեկավարի պաշտոնակատար, որի ղեկավարը ինչ-ինչ պատճառներով չի ընտրվում։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ ամիս, երբ իշխանությունը հանդես եկավ վարչապետին նման լիազորություն տալու առաջարկով, ընդդիմադիր պատգամավորները ընդծգեցին, որ այդ փոփոխությունն արվում է, մասնավորապես, Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանից ձերբազատվելու նպատակով։ Ինչպես հայտնի է, Ասլանյանի գլխավորած դաշինքը Վանաձորի ընտրությունների ժամանակ ամենաշատ թվով ձայներն էր հավաքել, իսկ «Հայրենիք» կուսակցությունն էլ հայտարարել էր, որ սատարելու է նրա թեկնածությանը։ Սակայն ավագանու առաջին նիստից՝ համայնքի ղեկավարի ընտրությունից օրեր առաջ, Ասլանյանը կալանավորվեց, թեեւ նրա վերաբերյալ քրեական գործի մասին հայտնի էր շատ ավելի վաղուց։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ եւ համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Նախագծի վերաբերյալ հարց ու պատասխանից հետո այն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ քվեարկեց ՔՊ խմբակցության 55 պատգամավոր։ Ընդդիմությունը, ինչպես հայտնի է, նիստին չի մասնակցում։

Այսպիսով, նիստն ավարտվեց։ Այժմ նախագիծը պետք է քննարկվի Գլխադասային հանձնաժողովում, որից հետո՝ շուրջ 3 ժամ անց, դարձյալ նիստ կգումարվի՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը քննարկելու նպատակով։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել