Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է |armenpress.am|
11:41 - 06 մայիսի, 2022

Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստի ժամանակ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ինչքան էլ տարբեր կառավարման ձևերը պայմանական լինեն, սակայն ինչ-որ պահի պետք է կատարել ընտրություն, թե որ կառավարման ձևի կողմնակից է խորհրդի այս կամ այն անդամը:

«Պարզ է, որ մենք բոլորս որպես մասնագետներ հասկանում ենք, որ կարող է լինել խորհրդարանական մոդել որոշակի տարաբնույթ ձևերով, բայց միևնույնն է՝ ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարել և սյունը դնել ու ընտրել, թե որն է հիմքը, որից հետո գնալ այդ խառը ժամանակակից մոդելներին և լուծումներին: Այդ կապակցությամբ ես պաշտոնապես իմ անունից և նախարարության անունից ասում եմ, որ կողմ եմ խորհրդարանական մոդելի պահպանմանը և այդ մոդելի շտկումների և բարեփոխումների իրականացմանը»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ այս դիրքորոշումը դեռևս կառավարության անունից չէ:

Ամփոփելով խոսքը՝ նախարարը նշեց, որ նախնական արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 4 անդամ որոշակի մասնագիտական վերապահումներով կողմ է արտահայտվել կառավարման խորհրդարանական ձևին, խորհրդի 1 անդամ նախագահական մոդելի կողմնակից է, անդամներից 3-ը բացակա են, 3-ը հրաժարվել են այս պահին դիրքորոշում արտահայտել:

«Այս ամփոփումը ոչինչ չի կանխորոշում: Ես ուղղակի ուզում եմ պարբերաբար մեզ համար ինչ-որ ամփոփումներ անենք, որ մեր հանրությունը տեսնի՝ ինչպես են փոխվում մեր մոտեցումները մասնագիտական քննարկումներից հետո»,- ասաց Անդրեասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել