Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico
16:48 - 05 մայիսի, 2022

Մինչ Չինաստանն ու Ռուսաստանն ամրապնդում են կապերը, Եվրոպան զարգացնում է հարաբերությունները Ճապոնիայի և Հնդկաստանի հետ․ Politico

Politico պարբերականն իր հոդվածում գրում է Չինաստանի և Ռուսաստանի համագործակցության, ինչպես նաև Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Եվրոպայի փորձերի մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Մինչ Չինաստանն ամրապնդում է իր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, Եվրոպան դաշնակիցներ է փնտրում Ասիայի մյուս շրջաններում։

Հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Տոկիո են մեկնելու՝ ԵՄ-Ճապոնիա համատեղ գագաթնաժողովի անցկացման համար։ Այս մասին հայտնել են երկու դիվանագետներ, որոնք ցանկացել են անանուն մնալ, ճապոնական լրատվամիջոցները հաստատել են լուրը։ Սա այս երկու եվրոպացի պաշտոնյաների առաջին այցն է լինելու Արևելյան Ասիա այն բանից ի վեր, ինչ զբաղեցրել են իրենց պաշտոնները ԵՄ-ում կորոնավիրուսի տարածումից մի փոքր առաջ։

Նախորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնավարման մեկնարկից ի վեր առաջին այցը կատարեց Ասիա և շրջանցեց Չինաստանը։ Փոխարենն այցելեց Ճապոնիա՝ ի տարբերություն Գերմանիայի նախորդ կանցլեր Անգելա Մերկելի, որը նախընտրում էր անձնական կապերը զարգացնել Պեկինի ղեկավարության հետ։

Դրանից մի քանի օր առաջ ֆոն դեր Լյայենը Հնդկաստանում ներկա գտնվեց Raisina Dialogue արտաքին քաղաքական հարցերով առանցքային կոնֆերանսին, որտեղ հստակ զգուշացում արեց Պեկինի և Մոսկվայի միջև «սահմաններ չունեցող» գործընկերության մասին։

Հունիսից Եվրամիության խորհրդում Չեխիայի նախագահության ընթացքում պլանավորվում է մի շարք միջոցառումներ անցկացնել Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ չնայած նրան, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը խլում է Եվրոպայում քաղաքական էներգիայի մեծ մասը։

Կարճ ասած՝ եվրոպական հողում անսպասելիորեն սկսված պատերազմը Եվրամիությանը ստիպում է նոր հայացք գցել Չինաստանի վրա, որն, ինչպես պարզվում է, կարծես թե Ռուսաստանի հավատարիմ գործընկերն է։

 

Չինաստան

Երկու տասնամյակ շարունակ Չինաստանը հսկայական օգուտներ է քաղել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց։ Եվրոպական բազմազգ շատ կորպորացիաներ Չինաստանը դիտարկում են՝ որպես կարևոր շուկա և շահույթի աղբյուր։

Չնայած Չինաստանի նախագահ Սի Ծինպինի՝ ներքին նորարարություններին և սպառմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու կոչերին՝ արտաքին առևտուրը, հատկապես՝ ԵՄ և ԱՄՆ հետ, նախկինի պես հսկայական դեր է խաղում Չինաստանի տնտեսական զարգացման հարցում։

Պատերազմն Ուկրաինայում փոխեց այս իրավիճակը։ Եվ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենը Պեկինին զգուշացրին «հետևանքների» և «հեղինակության ռիսկերի» մասին, եթե վերջինս Ռուսաստանին օգնի շրջանցել պատժամիջոցներն ու զենք տրամադրի։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն ավելի հեռուն գնաց՝ նախորդ շաբաթ հայտարարելով, որ Չինաստանի աճը «անխուսափելի բան չէ, այն չի շարունակվելու, եթե նրանք [Չինաստանը] չհետևեն խաղի կանոններին»։

Չինաստանի դեմ խստացող հեռտորաբանությունն աննկատ չի մնացել բիզնես միջավայրի համար։ Քանի որ արևմտյան ընկերությունները խզել են կապերը Ռուսաստանի հետ, Չինաստանի բիզնես համայնքում աճում է անհանգստությունը, հատկապես, որ Պեկինն այնքան էլ ջանք չի գործադրում հեռավորություն պահպանելու մի երկրից, որն ավելի ու ավելի վտարանդի է դառնում։

 

Ճապոնիա

Ինչպես Շոլցն է նշել, Ճապոնիայի ընտրությունը՝ որպես ասիական առաջնային ուղղություն, որը նա արել է Գերմանիայի կանցլեր դառնալուց հետո, «պատահական չէ»։

Թեև Շոլցը խուսափել է ուղղակիորեն քննադատել Չինաստանին, նա ընդգծել է գերմանական բիզնեսի մասով դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Կանցլերը հավելել է, որ մատակարարման շղթաների կախվածությունն առանձին պետություններից նվազեցնելը «խնդիր է, որը երբեք այսքան արդիական չի եղել»։ 

«Մի բան պարզ է․ մեր ընկերություններն ու մենք ինքներս անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ երաշխավորելու համար, որ մատակարարման շղթաների հարցում ոչ ոք որոշակի պահի կախված չէ միայն մի երկրից»։

[Ուկրաինական] պատերազմի մեկնարկից ի վեր Ճապոնիան հայտարարվել է՝ որպես Արևմուտքի մոտ գործընկեր։ Նա սակավաթիվ ասիական երկրներից մեկն է (Հարավային Կորեային և Սինգապուրին զուգահեռ), որը միացել է Եվրոպայի և ԱՄՆ սահմանած պատժամիջոցներին։

Երբ խոսքը գնում է տարածաշրջանում Ճապոնիայի՝ գլխավոր հակառակորդ Չինաստանի հետ հարաբերությունների մասին, Տոկիոն մեծապես հույսը դնում է ԱՄՆ հետ անվտանգության հարցերում համագործակցության վրա։ Օրինակ՝ անցյալ տարի Financial Times-ը գրել էր, որ Ճապոնիան ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացրել Թայվանի պատճառով Չինաստանի հետ հնարավոր կոնֆլիկտի առնչությամբ։ Սակայն ԵՄ-ն էլ իր դեր պետք է ունենա։

«Թեև նրանք [Ճապոնիան] հասկանում են, որ եվրոպացիները չեն կարող փոխարինել ԱՄՆ հետ համագործակցությունը, կարծում եմ, այն [Եվրոպան], միևնույն է, ծառայում է՝ որպես լրացուցիչ երաշխիք», - ասում է Ճապոնիայում և Չինաստանում ԵՄ նախկին դեսպան Դիտմար Շվայսգուտը։

 

Հնդկաստան

Հաջորդ մի քանի ամիսը վճռորոշ նշանակություն է ունենալու՝  հասկանալու համար, թե արդյոք Եվրոպան կարող է միաժամանակ կենտրոնանալ և Ռուսաստանի, և Չինաստանի վրա։

Հնդկաստանն, իր հերթին, որոշ առումով ավելի շատ նման է Չինաստանին, քան Ճապոնիային։ Նա հաշվի չի նստել Արևմուտքի գործադրած ճնշման հետ և ձեռնպահ է մնացել Ռուսաստանի սանձազերծած պատերազմը դատապարտող ՄԱԿ քվեարկության ժամանակ։ Հնդկաստանը նաև ռուսական զենքի խոշոր ներկրող է։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն Հնդկաստանը համարում է առանցքային գործընկեր Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ նրա, Ավստրալիայի և Ճապոնիայի հետ միասին Անվտանգության քառակողմ երկխոսություն (QUAD) ձևավորելով , որը Չինաստանում սպառնալիք է համարվում։ Ֆրանսիան նույնպես ձգտում է բարելավել ռազմածովային կապերը Հնդկաստանի հետ։

Նյու Դելի կատարած իր այցի ժամանակ ֆոն դեր Լյայենը քննադատել էր Չինաստանին՝ Ռուսաստանի հետ նրա համագործակցության համար և ողջունել էր Հնդկաստանին՝ որպես աշխարհի մեծագույն ժողովրդավար երկրի, և խոստացել խորացնել առևտրային կապերը։ Փորձելով հետ պահել Հնդկաստանին Ռուսաստանի հետ համագործակցությունից նա հավելել էր․ «Պատերազմի ելքը ոչ միայն կանխորոշելու է Եվրոպայի ապագան, այլև մեծապես ազդելու է Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և մնացած աշխարհի վրա»։

ԵՄ-Հնդկաստան հարաբերությունների գլխավոր խնդիրն ազատ առևտրի մասին պայմանագրի բացակայությունն է։ Համաձայնագիր կնքելու նախորդ յոթամյա փորձը փակուղի է մտել, սակայն կողմերն այժմ փորձում են վերսկսել բանակցությունները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նույնպես վերջերս Հնդկաստան է այցելել, նրա այցի առանցքում պաշտպանության ոլորտում համագործակցությունն էր։

Որպես խորհրդանշական քայլ Հնդկաստանը որոշել է դեսպանատուն բացել Լիտվայում՝ ԵՄ անդամ երկրում, որի դեմ Պեկինն առևտրային էմբարգո է կիրառում։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս շաբաթ Եվրոպա կայցելեն։ Չինաստանի վերաբերյալ նրանց գաղափարները լսելի կլինեն, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք արդյունքում որևէ գործողություն կձեռնարկվի»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել