Փոթի-Կավկազ նավահանգիստների միջև ամենաուշը հունիսի 15-ից լաստանավային բեռնափոխադրումներ կիրականացվեն․ նախարար
14:02 - 05 մայիսի, 2022

Փոթի-Կավկազ նավահանգիստների միջև ամենաուշը հունիսի 15-ից լաստանավային բեռնափոխադրումներ կիրականացվեն․ նախարար

«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ն ճանաչվել է որպես ՀՀ տարածքից արտահանման և ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատոր։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիշեցրեց՝ մի քանի շաբաթ առաջ կառավարությունը որոշում էր ընդունել, որով հայտնել էր իր մտադրությունը՝ կնքել պայմանագիր լաստանավային օպերատոր հանդիսացող այն ընկերության հետ, որը կկնքի համապատասխան պայմանագրեր Հարավկովկասյան երկաթուղիների և Ռուսական երկաթուղիների հետ․ «Հիմա այդ ընկերությունը արդեն կա, որը ունի համապատասխան պայմանագրային բազա երկու երկաթուղային ընկերությունների և պատրաստ է ձեռնամուխ լինել լաստանավային կանոնավոր հաղորդակցության իրականացմանը։ Ըստ մեր պլանի՝ Փոթի և Կավկազ նավահանգիստների միջև ամենաուշը հունիսի 15-ից պետք է գործարկվի 2 անգամ ամեն ուղղությամբ ընթացող կանոնավոր լաստանավային հաղորդակցություն»։

Քերոբյանը նշեց՝ այս նախագծով  արտահանողներին և ներմուծողներին հնարավորություն է տրվելու էապես նվազեցնել իրենց ռիսկերը, որոնք այսօր հատկապես շատ մեծ են Լարսի անցակետի հետ կապված։  «Սա թույլ է տալու, որ մեր տնտեսությունը, հատկապես արդյունաբերությունը էապես բարձրացնի մրցունակությունը, կտրուկ լավանա հասանելիությունը Եվրասիական տարածքի խորը զոնաներին, որը թույլ կտա լավացնել առևտուրը նաև Կենտրոնական Ասիայի երկրնեի հետ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ բոլորս երկար տարիներ առնչվել և առնչվում ենք Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրներին, այդ թվում՝ կապված եղանակային պայմանների հետ: «Հիմա պրոբլեմը սրվել է, որովհետև կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ՝ ծովային բեռնափոխադրումների որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ ծովից բավականին մեծ ծավալի բեռներ տեղափոխվել են ցամաքով փոխադրվելու: Մենք այս պրոցեսն սկսել էինք մինչև ուկրաինական իրադարձությունները՝ այլընտրանք ձևավորելու համար, բայց հիմա լավ է, որ ունենք հստակ պայմանավորվածություններ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել