Կառավարությունը երկարաձգեց Ապարան  համայնքի՝ հանրային գերակա շահ ճանաչված սեփականության  օտարման գործընթացը
11:09 - 05 մայիսի, 2022

Կառավարությունը երկարաձգեց Ապարան համայնքի՝ հանրային գերակա շահ ճանաչված սեփականության օտարման գործընթացը

2021 թ․-ի հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունը 1246-Ա որոշմամբ հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրին, որ նախատեսում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում՝ 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում։ ՓԲԸ-ն մտադիր է այդ տարածքում լեռնային հանգստավայր կառուցել։ Հետագայում՝ հոկտեմբերի 7-ին, կառավարությունը մեկ այլ որոշմամբ այդ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց։ Այս որոշմամբ սեփականության օտարման վերջնաժամկետ էր սահմանվել այս տարվա մայիսի 31-ը։
Արդեն այսօր կառավարությունը փոփոխություններ կատարեց հոկտեմբերի 7-ի որոշման մեջ, որով սեփականության օտարման վերջնաժամկետ սահմանվեց 2023 թ․-ի մայիսի 31-ը։ Որոշման հիմք է դարձել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի խնդիր-առաջարկը։ 
«Ընդհանուր առմամբ տարածքում առկա է մոտ 745 գույք: Նշված գույքային միավորների նկատմամբ գրանցված իրավունքներ ունեցող անձանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքների, Կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության մեծ ծավալի և դրա մշակման ժամանակատարության պատճառով հնարավոր չէ օտարման գործընթացն իրականացնել մինչև 2021 թ․-ի մայիսի 31-ը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի համաձայն՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանած կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը,
Ըստ նախագծի՝ կառավարության որոշման մեջ նշված փոփոխությունը կատարելուց հետո հնարավոր կլինի կազմել նկարագրության արձանագրությունները, ավարտել օտարման գործընթացը և ավարտին հասցնել ծրագրի իրականացումը: Նախագծով սահմանվում է նաև, որ նկարագրության արձանագրությունները կկազմի լիազոր մարմին ճանաչված Էկոնոմիկայի նախարարությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կառավարության անցած տարվա որոշման հետևանքով հանրության գերակա շահ էր ճանաչվել նաև Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի բնակիչների սեփականություն համարվող վարելահողերը և տնամերձ հողամասերը։ Եղիպատրուշցիները հայտարարել էին, որ այս թեմայով հանրային լսումներ չեն իրականացվել։ Վերջին ամիսների ընթացքում Եղիպատրուշի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացրել [1,2] Կառավարության մոտ՝ հայտարարելով, որ դեմ են իրենց սեփականությունը հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել