«Ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա, որովհետև սա ժողովրդի պայքարն է»․ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ամփոփեց բողոքի ակցիաների հերթական օրը
21:41 - 04 մայիսի, 2022

«Ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա, որովհետև սա ժողովրդի պայքարն է»․ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ամփոփեց բողոքի ակցիաների հերթական օրը

Այսօր ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները ավարտվեցին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքով։

Իշխան Սաղաթելյանը ամփոփեց օրը՝ հայտարարելով, որ իրենք Ազգային ժողով չէին գնացել այդ շենքը գրավելու։ Նշենք, որ այսօր ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություններ էին տարածել՝ զգուշացնելով, որ  Երևան քաղաքում անցկացվող հավաքի որոշ մասնակիցներ մտադիր են մայիսի 4-ին կայանալիք ՀՀ ԱԺ նիստի ընթացքում զավթելու ԱԺ շենքը:

Սաղաթելյանը ասաց․ «Մենք ունեինք նպատակ իր (Նիկոլ Փաշինայնի- խմբ․) ճակատին ասելու, որ «դու լեգիտիմ չես, մանդատ չունես, ռադդ քաշի»։ Խորհրդարանական խմբակցությունները դա արեցին ներսում, մենք արեցինք Բաղրամյան, իսկ հետո Դեմիրճյան փողոցները բացելով»։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկա էին նաև ընդդիմության մի շարք պատգամավորներ, որոնք էլ հենց հայտնեցին, որ պահանջում են Փաշինյանի հրաժարականը՝ նշելով դրա պատճառները։

Դեմիրճյան փողոցը այսօր | Infocom

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Ազգային ժողովի շենքի մեջ իշխանություն չկա, իշխանությունը փողոցում է, իրենց ձեռքում է․ «Էդ շենքի ներսում Նիկոլն ուներ 2000 ոստիկան, Նիկոլն էլի արյուն է ուզում, կրկին հայի արյուն է ուզում։ Այդ արյունը չի լինելու, բայց նրան ռադ ենք անելու։ Ուրեմն՝ սրանից հետո որևէ մեկը չդրդի մի տեղ, որտեղ արյուն է թափվելու, մենք նրան հեռացնելու ենք առանց արյան։ Այն քաղաքացուն, որին ինքը վրաերթի ենթարկեց, պետք է լինի Նիկոլի վերջին զոհը»։

Խոսելով ԱԳՆ շենք մտնելու և այնտեղ Արցախի դրոշը տեղադրելու մասին՝ նա դիմեց հրապարակում հավաքված քաղաքացիներին ու ընդգծեց, որ «այս պահից սկսած՝ ձեր առջև որևէ փակ դուռ չկա»։ Նշենք, որ այսօր Ազգային ժողովի շենքից ցուցարարները քայլերթով հասել էին Վազգեն Սարգսյան փողոց՝ ԱԳՆ շենքի բակ, որտեղ ոստիկանների հետ հրմշտոցից հետո միայն Իշխան Սաղաթելյանին թույլատրվել էր մտնել արտաքին գերատեսչության շենք ու այնտեղ տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը։

ԱԳՆ շենքին հարակից Վազգեն Սարգսյան փողոցն այսօր | Infocom

Սաղաթելյանը նաև անդրադարձավ երրորդ ուժերի առկայության մասին խոսակցություններին․ «Էս հարթակը բոլորինն է, եկեք, մասնակցեք, բայց եթե մեկդ ուզում է՝ մենք ձախողենք, չենք ձախողելու․․․ Ով էս պայքարի հետ չի, ինքը նիկոլ ա, որովհետև սա իմ պայքարը չի, որևէ կուսակցության պայքարը չի, սա ժողովրդի պայքարն է»։

Նա բեմից վստահեցրեց Փաշինյանի հրաժարականը պահանջող, հանրահավաքի մասնակից քաղաքացիներին, որ շատ մոտ են իրենց նպատակին․ «Էդ ՔՊ-ները իրենց նեղ շրջանակներում քննարկում են՝ Նիկոլին ժերտվա տանք, գոնե մենք պրծնենք։ Դուք հաղթանակին շատ մոտ եք, ժողովուրդ ջան»։

Սաղաթելյանը նաև հայտնեց, որ վաղը առավոտից սկսվում են անհնազանդության բողոքի ակցիաները։

Գլխավոր լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել