Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները Ազգային ժողովի շենքի դիմացից հասան ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։
Հասնելով այնտեղ՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ 20 հոգով մտնում են շենք՝ այնտեղ տեղադրելու Արցախի դրոշը։ Սակայն ԱԳՆ բակ մտան ավելի մեծ թվով քաղաքացիներ։
Այդ ժամանակ էլ հրմշտոց սկսվեց նրանց ու ոստիկանների միջև։ Որոշ ժամանակ անց ցուցարարներից մեկը բակում բարձրացրեց Արցախի դրոշը, բայց Իշխան Սաղաթելյանի կոչով նորից հանեց այն։ Վերջինս ցուցարարներին ասաց, որ խախտել են պայմանավորվածությունը, որ միայն 20 հոգով պետք է մտնեին շենք, ու հորդորեց նրանց դուրս գալ բակից։
Այնուհետև բակ մտած ցուցարարները դուրս եկան և հավաքվեցին հարակից Վազգեն Սարգսյան փողոցում։
«Ինֆոքոմ»-ի լրագրողի հարցին, թե որտեղ և ինչպես են պատրաստվում տեղադրել դրոշը, Սաղաթելյանն ասաց՝ վերևում են ուզում դնել, և իրենց դրա համար համաձայնություն պետք չէ։
Սաղաթելյանը նշեց, որ ցանկանում են դրոշը տեղադրել շենքի մոտ, որ ծածանվի ԱԳՆ բակում։ Նա հայտնեց, թե կարող են ուժով անել դա, սակայն այս պահին չենք ցանկանում այդ քայլին գնալ։
Ոստիկանները միայն պատգամավոր Իշխան Սաղաթելյանին թույլ տվեցին մտնել ԱԳՆ շենք՝ Արցախի դրոշը տեղադրելու։ Նա մոտ մեկ րոպե անց դուրս եկավ։
«Մեր առաջ որևէ փակ դուռ չկա։ Մենք կարող էինք զոռով մտնել, բայց մտանք, տեղադրեցինք, որոցվհետև սա ձեր կամքն էր։ Էս շենքը, էստեղ նստած յուրաքանչյուր դիվանագետ պետք է պայքարի Արցախի ինքնորոշման իրավունքի համար»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ շենքում նստած նախարարից (ԱԳ նախարար Արարատ Միրզոյան) սկսած՝ բոլորը պետք է իմանան, որ իրենց ժամանակը արդեն սպառված է։
comment.count (0)