«Ամեն սև բան Օթելլո չէ»․ Փաշինյանը անդրադարձավ ընդդիմության ակցիաներին
17:39 - 04 մայիսի, 2022

«Ամեն սև բան Օթելլո չէ»․ Փաշինյանը անդրադարձավ ընդդիմության ակցիաներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ընդդիմության ակցիաներին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին։

«Ես ուզում եմ՝ մենք ժողովրդավարությունը հանկարծ չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն։ Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային բրենդն է և մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական, իրավական ինստիտուցիոնալ մեխանիզմներով, ամբողջ թափով և խստությամբ»։

Փաշինյանն ասաց՝ ընդդիմադիրներն իրենց ծաղրում էին քայլելու համար․ «Իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել, իրենք մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար, քաղաքի խանութներում ուսապարկ, ցավոք, մնացել է, որովհետև ընդդիմության շարքերը այդքան հոծ չեն, որպեսզի սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը։ Պարզապես գներն են բարձրացել, որովհետև գիտեն, որ նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի և բիզնեսը, նաև հաշվի առնելով ընդդիմության մտահոգությունը, կրկնապատկել է նույն քանակությամբ ապրանքի վաճառքով շրջանառությունը։ Մեր Քայլոյին էին ծաղրում,հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել։ Ասում էին, որ մենք հեղաշրջմամբ ենք եկել, նույն քայլերը կրկնում են։ Հիմա պիտի ասեն, որ կա՛մ ուզում են հեղաշրջում անեն, կա՛մ էլ պիտի խոստովանեն, որ մենք, իհարկե, հեղաշրջում չենք արել, ժողովրդավարական պրոցեսով ենք եկել իշխանության»։

Ըստ վարչապետի՝ ընդդիմադիրներին թվում է, որ նմանակելու շնորհիվ նրանք հաջողության են հասնելու․ «Դրա հետ կապված ուզում եմ պատմություն պատմել։ Ժամանակին Ֆրունզիկ Մկրտչյանը դիմում է Վահրամ Փափազյանին, ասում է՝ վարպետ, ուզում եմ նոր փուլ անցնեմ իմ դերասանական կարիերայի և ուզում եմ ստանձնել Օթելոյի դերը։ Վահրամ Փափազյանը նայում է Ֆրունզիկ Մկրտչյանին, որոշակի պաուզա է վերցնում և ասում՝ տղաս, ամեն սև բան Օթելլո չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել