Ընդդիմությունը Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրեց և լքեց դահլիճը, վերջինս էլ արձագանքեց՝ «ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»
17:32 - 04 մայիսի, 2022

Ընդդիմությունը Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրեց և լքեց դահլիճը, վերջինս էլ արձագանքեց՝ «ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության մի քանի պատգամավորներ այսօր գնացել էին Ազգային ժողով, որտեղ Կառավարության հետ հարցուպատասխանի օր է։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց, որ ԱԺ-ում են՝ ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու համար։ Այդ պահանջը հետևյալն է․ «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն, խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմը ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել դա։

2021-ի հունիսին խոստացել էր 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս չունենք գերիներին։ Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, բայց պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, և որ առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման, այն է՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը։

Խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը։ Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ, պադավատապետության դեմ խոսացող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնեցնելը և հետիոտներին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը և դեռ չծնված երեխային։ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը, որն այդ մասին խոստովանել է 2018 թ․ ապրիլի 17-ին Ազգային ժողովի ամբիոնից արած հայտարարությամբ՝ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջները անիրատեսական և անընդունելի են մեզ համար։

«Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին՝ ասելով, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը»,- նշեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ պատերազմի օրը ԱԺ ամբիոնից ասել է« Ես հենց հիմա կարող եմ կանգնեցնել պատերազմը, դրա համար կա պայման, պետք է համաձայնենք, որ ԼՂ-ն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի նման կարգավիճակ ունեցող մի միավոր, այսինքն՝ Ադրբեջանի կազմում, եթե վերադառնանք և միացնենք այս տրամաբանությունը Սերժ Սարգսյանի առաջ քաշած տրամաբանությանը, կստացվի հետևյալը, որ, ըստ էության, պատերազմը կանխելու համար անհրաժեշտ էր ընդունել Ադրբեջանի անիրատեսական անընդունելի պահանջները, այսինքն՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց․ «Խոսում եք նշաձողերի մասին։ Մի անգամ այս դահլիճում այդ թեմայով շատ մակերեսային երկխոսություն իրար հետ մենք ունեցել ենք, հիշեցումս հետևայլի մասին էր, ես ուզում եմ արձանագրել, որ երբ նաև ձեր իշխանությունը, դուք այդ ժամանակ եղել եք կառավարության մաս, ՀՀ-ն ընդունել է Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, այդ պահից դուք ճանաչել եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»։ 

Փաշինյանը Ռուստամյանին առաջարկեց արձագանքել։

Վերջինս նշեց․ «Էս ժամանակային անհավասարությունը բնականաբար չի տալի հնարավորություն, որ Ձեզ, պարո՛ն Փաշինյան, ավելի մանրամասն ներկայացնենք, որ Դուք չեք տիրապետում Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Ի սկզբանե այդպես է եղել, հիմա էլ Դուք դա շարունակում եք անել։ Եթե Ձեզ թվում է, թե նախկինների վրա մեղքեր բարդելով՝ Դուք կարող եք արդարացնել այն, ինչ բերել եք այս երկրի գլխին, դուք հիմա չարաչար սխալվում եք»։

Ռուստամյանը հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական հնարավորությունները 2016 թ․-ից սպառվել են․ «Եթե Դուք էդ տեսակետի վրա եք, մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք։ Որ թողնեք Արցախը Ադրբեջանի կազմո՞ւմ»։ 

Արմեն Ռուստամյանի խոսքից հետո ընդդիմադիրները որոշեցին լքել դահլիճը։ 

«Ախ, չե՞ք ուզում լսել, բա էդպես ասեք։ Ոնց միշտ փախել եք, տենց միշտ փախնելու եք»,- ասաց Փաշինյանը, իսկ նրա խոսքերի ընթացքում ՔՊ պատգամավորները սկսեցին ծափահարել։

ԱԺ նիստն ընդհատվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել