Ավելի քան 470 ուսուցիչ կամավոր ատեստավորմամբ հունիսին կստանա կրկնապատիկի չափով աշխատավարձ

 |armenpress.am|
17:10 - 04 մայիսի, 2022

Ավելի քան 470 ուսուցիչ կամավոր ատեստավորմամբ հունիսին կստանա կրկնապատիկի չափով աշխատավարձ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արդեն 470-ից ավելի ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում հունիսին կստանա կրկնապատիկի չափով աշխատավարձ: Ազգային ժողովում կառավարության հատ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ մյուս ուսուցիչների համար, սկսած այս տարվա ամռանից,  ատեստավորման գործընթացը կբացվի: Վարչապետը հույս հայտնեց, որ մնացած ուսուցիչները կօգտվեն այդ հնարավորությունից։

«Սա նաև քաղաքական հարց է: Երբ 2019 թվականին 10 տոկոսով բարձրացրեցինք ուսուցիչների աշխատավարձը, շատ ուսուցիչներից ստացանք արձագանք  այն մասին, որ համահարթ, նույն չափով բոլորինը բարձրացնելը ճիշտ չէ: Կան ուսուցիչներ, որոնք արժանի են ավելիին: Մենք որոշեցինք որդեգրել հետևյալ քաղաքականությունը, ոչ թե մենք որոշենք, թե որքան կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը, այլ ուսուցիչներն իրենք որոշեն՝ օգտվելով կամավոր ատեստավորման գործընթացից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այս նախաձեռնությամբ կարևոր բարեփոխումներից մեկը հասցրել են հանգրվանի: Ուսուցիչների աշխատավարձները կրկնապատկվել են մի քանի գործողությունների հանրագումարով:

«Դա արվում է նրա համար, որ մենք բոլորս՝ կառավարությունը, ծնողները, երեխաները համոզվեն, որ դասավանդում են պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ: Խնդիրն այն չէ, որ մենք կասկածում ենք ուսուցիչների որակավորման: Պարզապես մենք հնարավորություն ենք տալիս, որ ուսուցիչները սեփական որակավորման մակարդակը բարձրացնելու խթան ունենան»,-ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել