Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է
16:04 - 04 մայիսի, 2022

Վանեցյանը հանրահավաքի ժամանակ Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել․ FreeNews-ը կեղծում է

Կառավարող ուժի քարոզչամեքենայի մաս կազմող FreeNews.am լրատվականը, որն ունի վերգետնյա հեռարձակման իրավունք, այսօր հրապարակել է «Վանեցյանը հանրահավաքին՝ Քոչարյանի միլիոնների մասին» վերտառությամբ մի տեսանյութ, որում երեւում են ընդդիմադիրների վերջին հանրահավաքներից տարբեր կադրեր, ֆոնին էլ հնչում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը։ 

Տեսանյութում, մասնավորապես, ցուցադրվում է ընդդիմադիրների հանրահավաքներից մեկին «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, ապա Արթուր Վանեցյանի մասնակցության դրվագը, իսկ կադրում զուգահեռաբար վերջինիս հայտարարությունն է լսվում Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին․

«Ունենք ցուցմունք, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս եւ ասում՝ մենք ոչ մի բան չունենք, փաստերով, փաստերով կխոսենք եւ կհրապարակեմ՝ ով ինչ ունի եւ ոնց ա ձեռք բերել, ոնց ա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, եւ մնացած այլ-այլ ունեցվածքները։ Մի խոսքով՝ ունենք՝ սխեման ոնց ա գալիս եւ հասնում, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում սեփականատեր, եւ ունենք էդ գումարը ոնց փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին, խոսքը գնում ա հարյուրմիլիոնավոր դոլարների մասին, մի մասը՝ դրսի բանկերում, մի մասը՝ ստեղի բանկերում»։ 

Վանեցյանը, սակայն, այս հայտարարությունը չի արել ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ, ինչպես փորձ է արել ներկայացնել լրատվականը։ Այն, իրականում, գրեթե չորս տարվա վաղեմություն ունի․ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ Վանեցյանը դեռ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն էր, Քոչարյանի ունեցվածքին վերաբերող այդ տեղեկությունները հրապարակեց իր ու այդ ժամանակ Հատուկ քննչական ծառայության, այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցի հրապարակումից (որի ժամանակ վերջիններս «Մարտի 1»-ի գործն էին քննարկում) հետո հրավիրված ասուլիսի ընթացքում։

FreeNews-ը Վանեցյանի այդ հայտարարությունից վերցրել է ձայնն ու փորձել սինխրոնացնել հանրահավքներից մեկի ժամանակ ելույթ ունեցող Վանեցյանի շուրթերի շարժումներին, սակայ տեսանյութը փոքր-ինչ ուշադիր նայելիս ակնհայտ է դառնում, որ նրա արտաբերած բառերն ու հնչող ձայնը համապատասխան չեն։

Կադրը, որտեղ Վանեցյանն, իբր, Քոչարյանի ունեցվածքի մասին է խոսել, մայիսի 2-ին Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից է, որտեղ Վանեցյանը լրիվ այլ բանի մասին է խոսում, իսկ ավելի կոնկրետ՝ օրվա կառավարող ուժին կոչ է անում հեռանալ՝ պնդելով, որ վերջինս ձախողել է բոլոր ուղղություններով։

Իսկ մյուս կադրը, որտեղ Քոչարյանն է երեւում՝ հայացքը ուղղված Ֆրանսիայի հրապարակում տեղադրված բեմահարթակին, դարձյալ նույն օրվա հանրահավաքից է, սակայն այդ դրվագի ժամանակ ելույթ էր ունենում ոչ թե Վանեցյանը, այլ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը, եւ Քոչարյանի հայացքը ուղղված էր նրան։ 

Այսպիսով, FreeNews լրատվական կայքը, որի գլխավոր խմբագիրը եւ տնօրենը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է, հրապարակել է տեսանյութ, որտեղ հնչող հայտարարությունը, թեեւ իրականությանը համապատասխանում է, սակայն այն ժամանակագրական կեղծիք է պարունակում․ Արթուր Վանեցյանն ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում Քոչարյանի ունեցվածքի մասին չի խոսել։ Այդ հայտարարությունն արվել է, երբ Վանեցյանը ԱԱԾ տնօրենն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել