2021 թ․-ին աճել է ինչպես հանցագործությունների, այնպես էլ դրանց բացահայտման ցուցանիշը․ Արթուր Դավթյան
16:50 - 03 մայիսի, 2022

2021 թ․-ին աճել է ինչպես հանցագործությունների, այնպես էլ դրանց բացահայտման ցուցանիշը․ Արթուր Դավթյան

2021թ. արձանագրվել է ինչպես հանցագործությունների դեպքերի, այնպես էլ հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան։ 

Վերջինս ԱԺ է եկել՝ ներկայացնելու Դատախազության 2021 թվականի տարեկան հաղորդումը։ Հաշվի առնելով, որ հաղորդումը շատ ծավալուն է եւ հասանելի է նաեւ Դատախազության պաշտոնական կայքում՝ Դավթյանը խոսեց հատկապես հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներից։

Նա նախ հայտնեց, որ 2021թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 30.245 դեպք, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 3777-ով կամ 14.3%-ով․ «Ամենապարզ կրիմինալոգիական վերլուծությունը վկայում է վերջին տարիներին հանցավորության աճի երկու գլխավոր պատճառների մասին։ Առաջինն այն է, որ քրեականացվել են բազմաթիվ նոր, ոչ մեծ եւ միջին ծանրության արարքներ, իսկ երկրորդը՝ այն, որ բարելավվել են հանցագործությունների պաշտոնական գրանցման, բացահայտման աշխատանքները»,- ասաց Դավթյանը։

Ըստ նրա՝ հանցագործության 30․245 դեպքերի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1%-ը կազմում են ոչ մեծ (17.460 դեպք կամ 57.7%) եւ միջին ծանրության (7988 դեպք կամ 26.4%-ը), այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները կազմել են ամբողջի 1.2%-ը, ծանր հանցագործությունները՝ 14.7%-ը։

Արթուր Դավթյանի խոսքով՝ «Համաշխարհային բնակչության գնահատում» անկախ միջազգային կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը` 22.79 ինդեքսով՝ առաջ անցնելով ինչպես ԱՊՀ բոլոր երկրներից, այնպես էլ եվրոպական երկրների մեծ մասից․ «Համեմատության համար նշենք, որ Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, Ֆինլանդիան՝ 23-րդ տեղը, Գերմանիան՝ 42-րդ տեղը' 35.79 ինդեքսով, Ռուսաստանը' 51-րդ տեղը»:

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը՝ Գլխավոր դատախազը նշեց, որ 2021 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 57․7 տոկոս նախորդ տարվա 55․7 տոկոսի դիմաց։ Հաշվետու տարում բացահայտվել է 3830-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարի։

Դավթյանը հայտնեց, որ որոշ հանցագործությունների դեպքում, այնուհանդերձ, առկա է մտահոգիչ պատկեր։ Խոսքը վերաբերում է հատկապես մարդու դեմ ուղղված ամենածանր հանցագործության՝ սպանության եւ սպանության փորձին, որոնց ցուցանիշները նախորդ տարվա համեմատ աճել են 20 եւ 17․9 տոկոսներով, ինչպես նաեւ թրաֆիքինգի, բռնաբարությունների, ապօրինի ծառահատումների, ճանապարհային անվտանգության եւ համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերին։ Ըստ Գլխավոր դատախազի՝ մտահոգիչ է հատկապես ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի ծավալը։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել