«Ղարաբաղ Տելեկոմի» գործով մեղադրյալներ չկան
 |hetq.am|
15:00 - 03 մայիսի, 2022

«Ղարաբաղ Տելեկոմի» գործով մեղադրյալներ չկան |hetq.am|

hetq.am: Արցախյան 2020թ․ պատերազմի ընթացքում ադրբեջանական հաքերների կողմից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սերվերների պահուստային պատճենները ջնջելու առթիվ հարուցված քրեական գործով դեռևս մեղադրյալներ չկան։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Արցախի Հանրապետության (ԱՀ) գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր 2021թ․ օգոստոսի 19-ին՝ «Հետքի» հրապարակման հիման վրա՝ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որոնք վերաբերում են համակարգչային սաբոտաժին և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալուն։

Մեր հրապարակման մեջ գրել էինք այն մասին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը հաքերային հարձակումներ էր գործել Արցախի հեռահաղորդակցության օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» վրա, ադրբեջանցիները կարողացել էին խաթարել «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև ջնջել այդ սերվերների պահուստային պատճենները։ Այդ ամենի հետևանքով դադարել էր ընկերության կողմից կապի ծառայությունների մատուցումը։

Քրեական գործի հարուցման մասին Արցախի գլխավոր դատախազության հաղորդագրությունում ասվում էր, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի հետ կնքված ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի շրջանակում ընկերության համակարգչային համակարգ մուտք գործելու թույլտվություն ունեցել էին օտարերկրյա երեք քաղաքացի և միջազգային մեկ կազմակերպություն:

Քրեական գործի հարուցումից 8 ամիս անց ԱՀ գլխավոր դատախազությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե ինչ փուլում է գտնվում գործը, կան արդյոք մեղադրյալներ, ովքեր են եղել վերոնշյալ օտարերկրյա 3 քաղաքացիներն ու որ միջազգային կազմակերպությունը։

Գլխավոր դատախազությունից փոխանցել են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ «Ղարաբաղ Տելեկոմի» համակարգչային համակարգ մուտք գործելու հնարավորություն ունեցել են ոչ թե երեք, այլ օտարերկրյա 5 քաղաքացի՝ Լիբանանի Հանրապետությունից, և մեկ արտասահմանյան կազմակերպություն, որն առցանց իրականացրել է ընկերության տեխնիկական սպասարկում։

Ինչպես «Հետքին» հայտնել է ԱՀ գխավոր դատախազությունը, ներկայում քրեական գործով նախաձեռնվում է փորձաքննություն՝ համակարգչային համակարգ ներթափանցելու եղանակներն ու ուղիները հստակեցնելու, կորսված կամ ոչնչացված տեղեկությունների ծավալն ու կազմակերպության պատճառված վնասի չափը որոշելու ուղղությամբ։

Պայմանավորված նախաքննության տվյալների գաղտնիության պահպանման անհրաժեշտությամբ՝ գլխավոր դատախազությունն այս փուլում նպատակահարմար չի համարում օտարերկրյա քաղաքացիների ինքնության և արտասահմանյան ընկերության վերաբերյալ տեղեկությունների հանրայնացումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել