Կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
10:58 - 03 մայիսի, 2022

Կառավարությունը ՀՀ քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Այսօր՝ Ազգային ժողովի հերթական քառօրյայի ընթացքում քննարկվեց «ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։ 

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ասաց՝ ՀՀ կառավարության 2007 թ․-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը  ներկայացնելու կարգը, դիմումների քննարկման կարգը և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ։ «Սակայն դեռևս օրենքով ՀՀ կառավարությանը տրված չէ այդ լիազորությունը։ Նախագծի նպատակն է ՀՀ կառավարությանը լիազորություն վերապահել հաստատելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները և եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ»։ 

Նախագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ընդգծեց՝ ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, և ՀՀ-ն աշխարհիկ պետություն է․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀ պատկան մարմինները կրոնական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի հիման վրա պետք է ճանաչեն մարդու ազգային պատկանելությունը, որի հետևանքով մարդը կարող է հավակնել ՀՀ քաղաքացի դառնալու։ Եթե չեմ սխալվում, մեր մոտ Սահմանադրությամբ ամրագրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից, և մենք աշխարհիկ պետություն ենք։ Եթե այդպես է, այդ դեպքում պետք է նաև ընդունենք, որ այլ փաստաթղթեր էլ կան, որոնք տալիս են եկեղեցու կողմից և այդ փաստաթղթերը պետք է հանդիսանան քաղաքացիաիրավական հարաբերությունների համար ապացույց՝ հետագայում ամուսնության կամ ամուսնալուծության պարագայում գույքային պահանջների քննարկման ժամանակ»։ 

Արա Ֆիդանյանը, արձագանքելով պատգամավորին, ասաց՝ եկեղեցիների կողմից տրված փաստաթղթերը հիմք են անձանց ազգությամբ հայ ճանաչելու և ՀՀ քաղաքացիություն տրամադրելու համար․  «Մնացյալը իրավահարաբերությունների հետ կապված, տվյալ նախագծի շրջանակներում որևէ տեղեկատվություն չեմ կարող տրամադրել»,-ասաց նա։ 

Արսենյանն էլ ասաց՝ ՀՀ քաղաքացիների՝ քաղաքացի դառնալու համար դավանաբանական պատկանելությունը ամենակարևոր կոմպոնենտը չի։ 

Արսենյանի այս դիտարկմանն արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․  «Հաճախ  տարբեր երկրներում բնակվող մեր  հայրենակիցները եզակի հնարավորություն են ունենում ներկայացնել հենց այդ փաստաթուղթը և դա որևէ կապ չունի դավանաբանության հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել