Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է, էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է․ Իշխան Սաղաթելյան
19:01 - 02 մայիսի, 2022

Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է, էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է․ Իշխան Սաղաթելյան

Նիկոլը Հայաստանում ունի մեկ հենարան․ դա Ոստիկանությունն է։ Էսօր Ոստիկանությունն իր սահմանն անցել է՝ Ոստիկանության որոշ ներկայացուցիչներ։ Այս մասին ընդդիմության կազմակերպած հանրահավաքին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը դիմեց ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին․

 «Եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի և բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, ու դու պատժվելու ես դրա համար։

Սաղաթելյանի խոսքով՝ իրենք ֆիքսել են ոստիկանների, ովքեր բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացուն։ 

«Մենք Ոստիկանության հետ հարց չունենք, բայց Ոստիկանության մեջ, ակնհայտ է, կան մարդիկ, էսօր մենք ֆիքսել ենք նաև երկու հոգի, ովքեր բացահայտ բռնության են ենթարկել քաղաքացուն։ Մեկ անգամ ևս զգուշացնում ենք․ ո՞վ է պատասխանատվություն կրում այդ անձանց լկտի պայվածի համար։ Մենք տեղեկություն ունենք՝ որոշ օլիգարխներ, քանի որ Ոստիկանության ուժերը չեն բավարարում ճնշել մեր հայրենակիցների ցասումը և բողոքը, որոշ օլիգարխներ համազգեստով Ոստիկանության իրենց  ախրաննիկներին ուղարկում են ժողովրդին ճնշելու»,- նշեց Սաղաթելյանը։ 

ԱԺ փոխխոսնակը կոչով դիմեց նաև միջազգային հանրությանը․ 

«Դիմում եմ միջազգային հանրությանը․ այս դեպքերին պետք է դեսպանատները, իրավապաշտպան կազմակերպությունները արձագանքեն և գնահատական տան։ Իրենք իրենց լռությամբ նպաստում են, որ կառավարության ղեկին հայտնված խելագարը [Նիկոլ Փաշինյանը] շարունակի իր բռնությունները։ Հետևաբար, պահանջում ենք, որ շատ հստակ գնահատական տան միջազգային մեր գործընկերները ստեղծված իրավիճակին»։

Սաղաթելյանը դիմեց նաև մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին և ՄԻՊ աշխատակազմին․

«Երբ որ ընտրվում էր ՄԻՊ-ը, խորրդարանական երկու խմբակցությունները հայտարարեցին, որ ինքն, ըստ էության, Նիկոլի պաշտպանն է և ոչ թե մարդու իրավունքների։ Էս օրերին ակնհայտ դա ապացուցվում է։ Դեռ շանս և հնարավորություն ունի ՄԻՊ-ը, ասի, որ նման ինստիտուտ կա Հայաստանում»,- ասաց Սաղաթելյանը։

Նշենք, որ ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել՝ արագ արձագանքման խմբերի աշխատանքի նախնական ամփոփմամբ։ 

Իսկ վերջում Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին առաջարկեց երթ անցկացնել, կրկին փակել ճանապարհները և վերադառնալ հրապարակ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել