Նախարար Կարեն Անդրեասյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում
16:28 - 02 մայիսի, 2022

Նախարար Կարեն Անդրեասյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում

Այսօր՝ մայիսի 2-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։

Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարևորելով վարչապետ Փաշինյանի հետ ամուր գործընկերային հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարների միջև սույն թվականի հունվարին ստորագրված համագործակցության հուշագրի կարևորությունը։ Վրաստանի վարչապետը կարևորել է երկու երկրների արդարադատության նախարարների պայմանավորվածությունն՝ ամրապնդել արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցությունը։

Նախարար Անդրեասյանը Վրաստանի վարչապետին ներկայացրել է հարկադիր կատարման ծառայության, արբիտրաժային կենտրոնի, արդարադատության տների և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունն, ինչպես նաև արդարադատության ոլորտին առնչվող այլ հարցեր։

Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վրաստանի վարչապետի «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության» նախաձեռնությունը։ Այս համատեքստում հաստատվել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել