«Մինչև 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, հնարավոր էր այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ»․ Սեյրան Օհանյան
19:36 - 01 մայիսի, 2022

«Մինչև 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, հնարավոր էր այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ»․ Սեյրան Օհանյան

Այսօր 16։30-ից մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Ընդմիջումից հետո կազմակերպիչները հայտնեցին, որ վրանների մի մասն արդեն տեղադրված է։ 

Ելույթ ունեցավ ՀՀ պաշպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Նա հայտարարեց, որ պայքարի կենտրոնը պետք է լինի յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր գյուղ, բնակավայր, յուրաքանչյուր տուն։

«Եվ եթե մենք մտածում ենք մեր ապագայի մասին, ապա յուրաքանչյուր սիրտ պետք է լինի այդ պայքարի հիմքը։ Ամեն մեկս մեր խղճի կամոք, մեր սրտի թելադրանքի ներքո պետք է մտածենք՝ պե՞տք է անկախ լինի հայ ժողովուրդը, թե՞ ոչ, թե՞ մենք պետք է, էսպես ծնկի իջած, ենթարկվենք այն բոլոր պայմաններին, որ այսօր թելադրում են Հայաստանի Հանրապետության իշխանություններին», - նշեց Օհանյանը։

Սեյրան Օհանյանն հայտարարեց, որ մինչև 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել․

«Այսօրվա իշխանություններն ասում են, որ այս պայմաններով հնարավոր չէ այս կամ այն գործունեությունը։ Ես ձեզ ուզում եմ ասել հետևյալը․  մինչև 20 թվականի 44-օրյա պատերազմը հնարավոր էր բանակցել, հնարավոր էր խելացի բանակցային քաղաքականությամբ այնպես անել, որ երկիրը չներգրավվի պատերազմի մեջ։
Նրանք միտումնավոր կամ անգրագիտությամբ (կապ չունի իմ համար) իմ հայրենիքի ճակատագրի հետ են խաղացել՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի։ Պատերազի ժամանակ, նրանք ասում են, որ հնարավոր չէր պայքարել։ Իհարկե, ձեր անկազմակերպվածության, պետությունը ռազմական ռելսերի վրա չդնելու պայմաններում, երկիրը չհամախմբելու պայմաններում, սև ու սպիտակի բաժանելու պայմաններում անհնարին էր։ Այն մեծ անօրինականությունների, խառնաշփոթի պայմաններում, իհարկե, անհնարին էր։

Իսկ դուք գնացեք, հարցրե՛ք իմ ծառայակից ընկերներին, իմ մարտական ընկերներին, իմ այսօրվա գաղափարակից ընկերներին՝ հնարավո՞ր էր պատերազմում այնպես անել, որ գոնե չպարտվենք, Գոնե Հադրութի, Շուշիի լեռնաանտառային պայմաններում մենք կանգեցնեինք նրան։ Հնարավո՛ր էր։ Հնարավոր էր նաև հաղթանակ տանել,  բայց մատը մատին չենք խփել, ոչ միայն օրենսդիրը, ոչ միայն գործադիրը», - ասաց ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում։

Նա նշեց, որ ո՛չ դատախազությունը, ո՛չ մնացած իրավապահ մարմինները «մատը մատին չեն խփել անօրինականությունները, խառնաշփոթը մարտի դաշտում և ՀՀ թիկունքում կարգի բերելու, կանգնեցնելու, վերախմբավորում իրականացնելու և հաղթելու համար»։

«Ոչ մեկը՝ ո՛չ Քարվաճառում, ո՛չ Մարտակերտում, ո՛չ Ակնայում, ո՛չ Մարտունիում կռվող ո՛չ հրամանատար, ո՛չ զինվոր, մեղավոր չէ, որ հարավային հատվածում  մխրճում է եղել․ բոլորը հերսաբար կռվել են։ Մալաձյեց այն բոլոր այն վայրերում, որ հրամանատարն ու զինվորը կռվել են, բայց ոչ մալաձյեց այս երկրի իշխանություններին, որոնք, խորքում կանգնելով, չեն տեսել այդ թատերաբեմը, ուժ չեն կուտակել այդ մխրճումը, ճեղքվածքը փակելու համար։ Իսկ ես ասում եմ՝ հնարավո՛ր էր դա անել։ Հնավոր էր ՀՀ սահմաններն ամրապնդել», - հայտարարեց նա։

Օհանյանն անդրադարձավ բանակի բարեփոխումներին․

«Եվ այս պայմաններում, մեկուկես տարի է անցել, խոսում են թմբկահարում են (կներեք, այս բառը պիտի օգտագործեմ), երգում են բանակի բարեփոխումների մասին։ Մեկուկես տարի է անցել, ես ցավով եմ ասում, բայց այդ բարեփոխումներն այն տեմպերով չեն իրականացվում։ Իսկ հավատացե՛ք, որ բանակն այն կառույցն է, որն ամենաարագը, պետք է վերականգնի իր ողնաշարը, ամենաարագը պետք է վերականգնի իր մարտունակությունը։ Եվ հավատացե՛ք, որ այսօր զինվորներն էլ տրամադրված են, և բանակը ժողովրդի կողքին է։

Այսօր, երբ խոսում ենք խաղաղության դարաշրջանի մասին, կուրորեն գնալ, մտնել խաղաղության խաբկանքի մեջ անընդունելի է։ Սո՛ւտ են ասում, որ ասում են՝ եթե դուք այստեղ հավաքվեք, Ադրբեջանը կհարձակվի։ Եթե նույնիսկ հարձակվի, պետության ղեկավարության, այսօրվա բանակի խնդիրն է։ Ընդհակառակը, եթե մենք այսօր այստեղ չպայքարենք մեր ինքնության համար, կասեն՝ սրանք ժողովուրդ ե՞ն, թե՞ չէ, ա՛յ մարդ, սրանք ուզում են չոքած մնա՞ն թուրքի առաջ։

Հավատացա՛ծ եղեք, և՛ բանակը կարելի է վերականգնել արագ տեմպերով, և տնտեսությունը  կարելի է վերականգնել արագ տեմպերով, և՛ կարելի է արագ տեմբերով բանակցային գործընթացում ունենալ հաջողություններ, որովհետև բանակցային գործընթացը միջազգային երաշխիքներ է ձևավորում խաղաղության համար։ Այս իշխանությունների՝ 2021 թ․ ծրագրում նշված է հետևյալը, որ ՀՀ կառավարության համար անվտանգության երաշխիք է խաղաղությունը։ Խաղաղությունը երաշխիք չի կարող լինել․ խաղաղությունն անվտանգության հիմնարար արժեք է այնպես, ինչպես անկախությունը, պաշտպանունակությունը», - հայտարարեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել