Առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան
17:30 - 29 ապրիլի, 2022

Առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին:

Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԱՀԿ համագործակցությունը և երախտագիտություն հայտնել Հայաստանի առողջապահական ոլորտին օժանդակելու համար՝ հիշատակելով հատկապես կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և գործադիրն առանցքային բարեփոխումներ է իրականացնում հանրային առողջության պահպանման ու բարելավման ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովել հասանելի և բարձրորակ ծառայությունների մատուցում:

Այս համատեքստում Կառավարության ղեկավարը կարևորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվական աջակցության տրամադրումը:

ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը կարևորել է ՀՀ կառավարության հետ գործընկերությունը և բարձր գնահատել Հայաստանի կողմից համավարակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, որոնք թույլ են տվել փրկել կյանքեր և միևնույն ժամանակ բաց պահել տնտեսությունը:

Հանս Կլյուգեն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ Կառավարության նախաձեռնած բարեփոխումները հանրային առողջապահության ոլորտում և ԱՀԿ աջակցությունը հայտնել գործընթացին:

Զրուցակիցները քննարկել են Covid-19 համավարակով պայմանավորված ընթացիկ իրավիճակը: Կարևորվել է պատվաստումային գործընթացի հետևողական իրականացումը: Մտքեր են փոխանակվել նաև տարբեր ուղղություններով մեկնարկած բարեփոխումների ընթացքի շուրջ, ընդգծվել է դրանց կարևորությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում վարչապետը հիշատակել է հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի խնդիրը և կարևորել միջազգային կազմակերպությունների կողմից խնդրի բարձրաձայնումը: Կողմերը վերահաստատել են արդյունավետ գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել