Ռուսաստանն այս փուլում շահագրգռված չէ ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխությամբ․ Տիգրան Գրիգորյան
13:57 - 26 ապրիլի, 2022

Ռուսաստանն այս փուլում շահագրգռված չէ ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխությամբ․ Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Infocom-ի տաղավարում խոսել է միջազգային հանրության կողմից  ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձողի իջեցման» հորդորի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում սեղանին եղած փաստաթղթերի, դրանց վերաբերյալ հնչող մեկնաբանությունների մասին։ 

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից ԼՂ կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին հայտարարությանը և դրան հետևող քննարկումներին՝ Գրիգորյանը նշել է, որ, բնականաբար, միջազգային հանրությանն այս տարածաշրջանում  գլխացավանք պետք չէ․ «Հատկապես ժամանակակից աշխարհում, երբ տեսնում ենք, թե ինչպիսի տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում, միջազգային հանրության դիրքորոշումը կամ մոտեցումները ինչ-որ կոնստանտա չեն, այսինքն՝ դու էլ պետք է աշխատես այդ ուղղությամբ։ Միջազգային հանրության տեսանկյունից եթե ՀՀ իշխանությունները որևէ առարկայական քայլ չեն ձեռնարկում հայկական շահերը պաշտպանելու և պատրաստ են մեծ հաշվով ընդունել ամենը, ինչ իրենց ասում են, պարզ է, որ միջազգային հանրությանը գլխացավանք պետք չէ այս տարածաշրջանում։ Եթե հնարավոր է կողմերից մեկի շահերի հաշվին հաստատել այսպես կոչված խաղաղություն կամ հանդարտություն, ապա ինչո՞ւ ոչ, ոչ ոք չի խորանալու՝ ԼՂ-ում ում օգտին է խնդիրը հանգուցալուծվելու»։

Նա նաև նշել է, որ այս փուլում Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխությամբ․ «Բավականին հստակ է փորձագիտական շրջանակի և այն մարդկանց համար, ովքեր ռուսական կողմից եկող որոշակի տեղեկություններ ունեն, որ այս փուլում Ռուսաստանը շահագրգռված չէ ստատուս քվոյի փոփոխությամբ, այսինքն՝ շահագրգռված չէ, որ կարգավիճակի հարցում որևէ փոփոխություն լինի, լինի դա հօգուտ Հայաստանի, թե հօգուտ Ադրբեջանի»։

Քաղաքագետը անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի  վերջերս տված հարցազրույցներից մեկին, որի ընթացքում, ի թիվ այլնի, պատգամավորը հայտարարել էր, թե 1993 թ․-ից բանակցություններում քննարկվել են տարբերակներ, որոնց հետևանքով ԼՂ-ն ճանաչվելու էր Ադրբեջանի մաս։ Գրիգորյանի կարծիքով՝ պատգամավորն այդ հարցազրույցում խոսել է միայն Հայաստանին ոչ ձեռնտու տարբերակների մասին․

«Բանակցային գործընթացի ընթացքում եղել են փաստաթղթեր, որոնք նախատեսում էին ԼՂ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, եղել են փաստաթղթեր, որոնք նախատեսում էին ԼՂ և Լաչինի միջանցքի դե յուրե միացում ՀՀ-ին, այսինքն՝ կարգավիճակ Ադրբեջանից դուրս, և եղել է Մադրիդյան փաստաթուղթը և դրանից բխող նույն Կազանյան փաստաթուղթը, որով առնվազն տեսական հնարավորություն գոյություն ուներ ԼՂ-ի համար Ադրբեջանից անկախ կարգավիճակ ձեռք բերել»։

Գրիգորյանի խոսքով՝ այլ հարց է, թե վերջին տարիներին բանակցային գործընթացում  ինչ է տեղի ունեցել, սակայն առնվազն մինչև այսպես կոչված ռուսական առաջարկները, սեղանին դրված փաստաթղթերով ԼՂ-ն հնարավորություն ունենում էր Ադրբեջանից անկախ կարգավիճակ ունենալ․ «Այլ հարց է, իհարկե,  Ադրբեջանը կհամաձայներ ստորագրել այդ փաստաթղթերը, թե ոչ, բայց սա այլ թեմա է։ Մարիա Կարապետյանը չի ասում՝ Ադրբեջանը չէր համաձայնվի, Մարիա Կարապետյանը ասում էր, որ միջազգային հանրությունը սեղանին դրել էր միայն նմանատիպ փաստաթղթեր, ինչը չի համապատասխանում իրականությանը»։

Նրա կարծիքով՝ Արցախի հարցում այս փուլի միակ իրատեսական տարբերակը կարգավիճակի հարցը անորոշ ապագային թողնելն է․ «Միակ իրատեսական լուծումը այս պահին կարգավիճակի հարցը մի կողմ դնելն է, թողնել ինչ-որ անորոշ ապագայի։ Դրա մասին ուզում էի գրել, բայց մտածում էի, որ կընդունեն որպես հերթական անիրատեսական առաջարկ, որովհետև Ադրբեջանը պնդում է, բայց բոլորովին վերջերս այդ տարբերակի մասին գրել է նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ «International crisis group»-ը՝ Միջազգային ճգնաժամային խումբը, որ միակ կազմակերպությունն է, որ երևի ամենօրյա ռեժիմով զբաղվում է մեր հակամարտությամբ»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել