Պուտինը Ֆինլանդիային ու Շվեդիային հրում է ՆԱՏՕ-ի գիրկը․ ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար
11:31 - 26 ապրիլի, 2022

Պուտինը Ֆինլանդիային ու Շվեդիային հրում է ՆԱՏՕ-ի գիրկը․ ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար

Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն ակտիվորեն քննարկվում է Շվեդիայում և Ֆինլանդիայում։ Կանադան հայտարարել է, որ կսատարի երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իսկ ԱՄՆ-ն ընդգծել է, որ հավատարիմ է դաշինքի «բաց դռների» քաղաքականությանը։ Մոսկվան, իր հերթին, զգուշացրել է այդ քայլի հետևանքների մասին։ Մասնավորապես՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է․ «Դա, իհարկե, կփոխի իրավիճակը Եվրոպայում՝ մեր երկրի անմիջական հարևանությամբ»։

The New York Times պարբերականն իր «Կարծիք» բաժնում ներկայացնում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենի կարծիքն այս հարցի վերաբերյալ։ Ներկայացնում ենք այն՝ կրճատումներով․

«Զավեշտալին այն է, որ Ուկրաինայում պարոն Պուտինի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին- խմբ․) դաժան պատերազմը բերելու է նրա նկրտումների հակառակ արդյունքին․ ՆԱՏՕ-ն այս ճգնաժամից դուրս է գալու ավելի ընդլայնված, ուժեղացած և միավորված։ Ուկրաինայի սահմանը հատող ռուսական տանկերի տեսարանը կոտրել է Եվրոպայի անվտանգության մասին արմատացած պատկերացումները։ Սա ոչ մի երկրի համար այնքան արդիական չէ, որքան Ֆինլանդիայի և Շվեդիայի։ Ինչպես ասել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, «Ռուսաստանն այն հարևանը չէ, որ պատկերացրել ենք»։

Հասարակական կարծիքի փոփոխությունն էլ ավելի հատկանշական է։ Անցյալ տարի ամենամյա հարցումը ցույց է տվել, որ ֆինների մայն 26%-ն է ուզում, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին։ Առավել թարմ հարցումը ցույց է տալիս, որ այս ցուցանիշն աճել է մինչև 68%։ Նույնը Շվեդիայի դեպքում է։ Երկու հասարակություններն էլ գիտակցում են նոր իրողությունը Եվրոպայում։

[…] Ֆինլանդիան ու Շվեդիան պետք է օգտվեն ՆԱՏՕ-ի մասը կազմելու այս հնարավորությունից։ Երկու երկրների կառավարությունները պետք է անդամակցության հայտ ներկայացնեն մինչև ՆԱՏՕ-ի՝ հունիսին կայանալիք գագաթնաժողովը։ Ֆինլանդիան ու Շվեդիան կարող են համեմատաբար արագ և անցնցում մտնել ՆԱՏՕ։ Երկու երկրներն էլ սերտորեն կապված են դաշինքի հետ, մասնակցում են համատեղ զորավարժություներին և հստակ համապատասխանում են անդամակցության համար անհրաժեշտ քաղաքական պահանջներին՝ ներառյալ կառավարման ժողովրդավարական համակարգն ու շուկայական տնտեսությունը։ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում այս անդամակցությունը կարող է հաստատվել մի գիշերում։ Թեև որոշումը պետք է վավերացվի դաշինքի բոլոր անդամների կողմից, իրավիճակի հրատապությունը կարող է արագացնել գործընթացն՝ այն դարձնելով ամիսների հարց։

Ֆինլանդիայի և Շվեդայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին փոխշահավետ է։ Երկու երկրներն էլ անվտանգության երաշխիքներ կստանան՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի համաձայն, իսկ ՆԱՏՕ-ն նոր հնարավորություններ կստանա ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում։ Այդ հարմար բուֆերային գոտին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ներկայիս անդամների միջև կհեշտացնի արձագանքը Ռուսաստանի ցանկացած ներխուժմանը Բալթյան երկրներ։

Մինչ անդամակցության շուրջ քննարկումները շարունակվում են, Կրեմլի քարոզչամեքենան գործի է դնելու իր բոլոր ուժերը։ Այն զգուշացնելու է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի՝ պնդելով, թե դա կապակայունացնի տարածաշրջանն ու պատերազմն ավելի հավանական կդարձնի։

Դա, իհարկե, այդպես չէ։ Միակ մարդը, որն ապակայունացնում է Եվրոպան, պարոն Պուտինն է։ Ռուսաստանը թիրախավորում է Ուկրաինան, մինչ այդ էլ Վրաստանն էր հենց այն պատճառով, որ նրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Ռուսաստանի միջազգային ռազմավարությունը սրացմամբ սպառնալն է, որ ավելի թույլ երկրները ենթարկվեն, իսկ ավելի ուժեղներն անգործության մատնվեն։ 

Եթե Շվեդիան ու Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին հատկապես այս սպառնալիքների ֆոնին, դա պարոն Պուտինին ցույց կտա, որ պատերազմը անարդյունավետ է, որ պատերազմը միայն ամրապնդում է Արևմուտքի միասնականությունը, վճռականությունն ու ռազմական պատրաստվածությունը։

[…] Անարդար է, որ մինչ ուկրաինացիներին կոտորում են, ՆԱՏՕ-ի անդամները նախկինի պես ամեն օր պարոն Պուտինի գանձարան են ուղարկում հարյուրավոր միլիոն եվրո՝ գնելով նավթ ու գազ։ ․․․Ռուսական նավթի և գազի ներկրման արգելքը թանկ կնստի, բայց ոչ այնքան, որքան Ուկրաինայում շարունակվող ավերածությունները։ Եվ այս առումով Ֆինլանդիան ճիշտ ուղղությամբ է գնում՝ խոստանալով «շաբաթների կամ ամիսների ընթացքում» վերջ դնել կախվածությանը ռուսական էներգակիրներից։

Ռուսաստանին զսպելու ՆԱՏՕ-ի նախորդ մոտեցումը չաշխատեց․ Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմից խուսափել չհաջողվեց։ Եթե պարոն Պուտինը հաջողի Ուկրաինայում, նա հազիվ թե դրանով սահմանափակվի։ Նա կշարունակի ստուգել ՆԱՏՕ-ին՝ թույլ օղակներ գտնելով։ Եվ դաշինքի հետ սերտ կապեր ունեցող երկրները, որոնք պաշտպանված չեն 5-րդ հոդվածով, օրինակ՝ Շվեդիան ու Ֆինլանդիան, վտանգի առաջ կկանգնեն։

Վերջին 70 տարիներին ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության հիմքն է եղել՝ ստեղծելով միջավայր, որտեղ կարող են բարգավաճել ազատությունն ու ժողովրդավարությունը։ Պարոն Պուտինը գուցե ցանկանար, որ դաշինքը պատմության գիրկն անցներ, սակայն Ուկրաինայում նրա գործողությունները ցույց են տալիս, որ դաշինքի կարիքը կա ինչպես երբեք»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել