ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր ջերմ բարեկամությունը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ճակատագրական նշանակություն է ունեցել. Սիրիայի բարեկամ ժողովուրդն օգնության ձեռք է մեկնել Ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայորդիների:
«Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով պատերազմում ներգրավել էր վարձկաններ Սիրիայից և տարածաշրջանի այլ պետություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է տևական ժամանակ, սակայն իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ վտանգելով տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը»,- ըստ աղբյոեւրի՝ փաստել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ Հայաստանը շարունակում է ջանքերը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
comment.count (0)