Հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը պետք է նոր շեշտ ու ծավալ ստանա. Արամ Ա-ի ուղերձը
20:06 - 24 ապրիլի, 2022

Հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը պետք է նոր շեշտ ու ծավալ ստանա. Արամ Ա-ի ուղերձը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Արամ Ա կաթողիկոսը նախ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում և Արցախում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:

«Ճգնաժամի մեջ է մեր ազգը: Անորոշ է Արցախի ինքնանկախ գոյությունը: Վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նույնիսկ անկախությունը: Մեր պահանջատիրությունը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը:

Ըստ Արամ Ա-ի` առաջին հերթին հայ ազգը պետք է համախմբվի գերագույն և ընդհանրական գաղափարների, շահերի և արժեքների շուրջ:

«Իրոք, կարգախոսներ կրկնելով և իրար արհամարհելով չի կարելի իրավունք պաշտպանել, հայրենիք կառուցել ու պետություն հզորացնել: Հարկ է ազգին ողջ մարդուժը և ներուժը համախմբել ու գործի մղել՝ բոլոր բնագավառներում, ներքին թե արտաքին ճակատներում, մեզ շրջապատող տագնապների դեմ և ապագայի տեսլականների շուրջ»,- ընդգծել է Արամ Ա-ն:

Վեհափառ Հայրապետը անհրաժեշտ է համարում մերժել որևէ առաջարկ կամ համաձայնագիր, որը կարող է վտանգել Հայաստանի անկախությունը:

« Գիտե՛նք, աշխարհաքաղաքական ներկա պայմանները ի նպաստ մեզ չեն։ Տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման համաձայն ենք. սակայն՝ ո՛չ ի հեճուկս Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության ու անկախության. ո՛չ զիջումներ միայն կատարելով և թույլ դիրքերից բանակցելով»,- շեշտել է Արամ Ա-ն:

Արամ Ա-ի խոսքով անհրաժեշտ է քաջություն ունենալ մերժելու որևէ առաջարկ, պարտադրանք կամ համաձայնագիր, որ կարող է սպառնալ Արցախի հայության անվտանգության և հարցականի տակ դնել իր կամքը ազատորեն արտահայտելու Արցախի ժողովրդի իրավունքը։

«Ոչ ոք իրավունք չունի անտեսելու իր պատմական հողերի վրա ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը հստակորեն ընդգծված է մարդու իրավունքների հռչակագրի մեջ։ Անկախությունը բացարձակ արժեք է և չի կարելի այն սակարկության նյութ դարձնել»- ասել է Արամ Ա-ն:

Ըստ Հայրապետ Վեհափառի` հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը պետք է նոր շեշտ ու ծավալ ստանա` համահունչ ներկա ժամանակների աշխարհաքաղաքական պայմաններին և մարտահրավերներին:

«Թուրքիան, պետության լայն կարողությունները օգտագործելով իր ժխտողական քաղաքականությունը ավելի կազմակերպված շարունակում է՝ արևմտյան համալսարաններում թրքագիտության ամբիոններ հաստատելով, հայոց ցեղասպանությունը ժխտող տեղեկատվական կենտրոններ հիմնելով և այլ միջոցներով։ Հետևաբար, անհրաժեշտ է, որ Հայաստանի պետությունը, եկեղեցին և հայ դատի մարմինները, աշխատանքի բաժանումով ու ներդաշնակ գործակցությամբ առավել թափով շարունակեն հետապնդել մեր նվիրական դատը։ Սա համազգային պարտավորություն է»,- եզրափակել է Արամ Ա-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել