Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող և ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել․ Հայկ Մարության
19:53 - 24 ապրիլի, 2022

Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող և ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում ապրիլի 24–ի կապակցությամբ գրառում է արել, որում ասվում է․

«Այսօր ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը։ Արհավիրքի մեկնարկից 107 տարի հետո էլ գոյաբանական վտանգը վերացած չէ մեզ համար։

Ցեղասպանություն գործած պետության իրավահաջորդը այսօր, խաղաղարար ու խաղաղասեր կեցվածքի հետևում դժվարությամբ է թաքցնում իր իրական վերաբերմունքը մեր ողբերգության հանդեպ և, վերջին հաշվով, մեզ հետ կապված իր նպատակները։

Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է կամ շփոթմունքի հետևանք։ Այս պաշտոնյան ներկայացնում է մի պետություն, որը ոչ միայն հանցանքի համար զղջման ու հատուցման նշան ցույց չի տալիս, այլև հերոսացնում ու պետական պարգևների է արժանացնում Մեծ Եղեռնի գլխավոր ոճրագործներին։

Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող և ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել։ Հավերժ հիշատակ մեր անմեղ նահատակներին, տոկունություն ու խելամտություն մեզ՝ ապրողներիս»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը աշխատանքային այցով գտնվում է Ուրուգվայում, ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։ Նա ցույց էր տվել «գորշ գայլերի» ժեստը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել