Հայտնի են «Ավրորայի» հերոսները. նրանցից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր
19:08 - 24 ապրիլի, 2022

Հայտնի են «Ավրորայի» հերոսները. նրանցից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնք վտանգում են սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ նշելով, որ նրանք «Ավրորայի» հերոս են դարձել իրենց ունեցած բացառիկ ազդեցության, խիզախության և նվիրվածության համար:

Մեկ միլիոն ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, արձագանքելով մարդասիրական խնդիրներին ամբողջ աշխարհում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Հերոսների անունները հայտարարվել են Մատենադարանում. նրանցից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր: «Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց և աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում և պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում։

«Մերօրյա այսպիսի բացառիկ հերոսները մեզ հիշեցնում են այն մասին, որ ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք հավատում են և պատրաստ են արտասովոր քայլերի՝ պաշտպանելու լուսավոր ապագան: Մեզնից շատերն այսօր կարող են ճնշված զգալ՝ առնչվելով մարդկային վշտի ու տառապանքի անվերջ թվացող ալիքին: Բայց «Ավրորայի» հերոսները շարունակում են լինել կարեկցանքի փարոս՝ առաջնորդելով և ոգեշնչելով մարդկայնությանը: Պատիվ է մասնակից լինել այս նախաձեռնությանը, որը նրանց ճանաչման է արժանացնում և աջակցում»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:

2022 թ. «Ավրորայի» հերոսներն են.

Ջամիլա Աֆղանի (Աֆղանստան). խաղաղության ակտիվիստ և «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր: 25 տարի նա պայքարել է, որպեսզի Աֆղանստանում ապրող կանանց համար կրթությունը դառնա հասանելի: Երբ թալիբները վերցրին իշխանությունը, Ջամիլա Աֆղանին ստիպված եղավ լքել իր հայրենիքը: Բայց նույնիսկ դրանից հետո նա չի հանձնվում՝ շարունակելով պայքարել իր ժողովրդի համար: 

Մահինուր էլ-Մասրի (Եգիպտոս). փաստաբան և քաղաքական ակտիվիստ Եգիպտոսից: Նա պայքարում է երկրում քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների համար, կազմակերպում է բողոքի խաղաղ ակցիաներ և դատարանում պաշտպանում քաղբանտարկյալների իրավունքները: Եգիպտոսում պաշտոնական քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելը կարող է վտանգավոր լինել․ Մահինուր էլ-Մասրին իր գործունեության պատճառով մի քանի անգամ ձերբակալվել է և բանտարկվել: Այդուհանդերձ, նա չի կորցնում լավատեսությունն իր երկրի ապագայի հանդեպ և ձգտում է լինել դրական փոփոխությունների առաջամարտիկ։

Հադի Ջուման (Եմեն). խաղաղության ակտիվիստ և միջնորդ-բանակցող Եմենից: Նա պարբերաբար վտանգում է իր կյանքը, որպեսզի կազմակերպի ռազմագերիների փոխանակում և առաջնագծից դուրս բերի այնտեղ մնացած զոհվածների մարմինները: Քանի որ քաղաքացիական պատերազմի հետևանքով Եմենը շարունակում է մնալ երկարատև քաղաքական և հումանիտար ճգնաժամի մեջ, Հադի Ջումանը ընտանիքներին տալիս է միակ սփոփանքը, որ նրանց անհետ կորած համարվող սիրելի մարդիկ, ի վերջո, կարող են հանգչել խաղաղությամբ:

«Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ ես գիտեմ, թե որքան կարևոր է աջակցությունը և ճանաչումը միջազգային մակարդակով: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հնարավորություն է տալիս ակտիվիստներին և իրավապաշտպաններին, որոնք հաճախ միայնակ են գործում, առաջ մղելու իրենց աշխատանքը և ավելի մեծ արդյունք գրանցելու: Ես կցանկանայի շնորհավորել 2022 թ. «Ավրորայի» հերոսներին և մաղթել նրանց լավագույնն իրենց գործունեության մեջ»,- նշել է «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության (SOFEPADI) և Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն:

2022 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը պաշտոնապես բացվել է 2021 թ. ապրիլի 24-ին: 633 առաջադրում է եղել 62 երկրից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան և Ուկրաինա: Ամեն տարի «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու այն կազմակերպություններին, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: 

«Ամեն տարի ես հիանում եմ այն բացառիկ հերոսներով և նրանց աշխատանքով, որոնց աջակցում է «Ավրորան»: Նրանք առնչվում են բազմաթիվ խնդիրների աներևակայելի պայմաններում, երբ գրեթե ամեն ինչ նրանց դեմ է, բայց, այդուհանդերձ, նրանց մարդասիրությունը, հավատը, քաջությունն օգնում են նրանց շարունակել առաջ շարժվել: Ես մեծ հույս ունեմ, որ աշխարհը դասեր կառնի նրանցից, այդպես այն, հաստատ, շատ ավելի լավը կդառնա»,- նշել է 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ և Սուդանի «Գթության մայր» հիվանդանոցի բժշկական տնօրեն Թոմ Քաթինան:

Ըստ ավանդույթի, 2022 թ. «Ավրորայի» հերոսների անուններն արձանագրվել են 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» եզակի ձեռագրում, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է: Այն կցուցադրվի Մատենադարանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել