Մեծ Եղեռնը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր. Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը
 |1lurer.am|
15:16 - 24 ապրիլի, 2022

Մեծ Եղեռնը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր. Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կենտրոնական գործադիր մարմինը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Այն վերնագրված է հետևյալ կերպ. «Կիսում ենք 107 տարվա ցավն ու սուգը»:

Փաստաթղթում խոսվում է համատեղ ապագայի կառուցման համար անհրաժեշտ քայլերի մասին, որոնց թվում են պատմական ճշմարտություններին առերեսվելը, տուժած ժողովուրդներից ու դավանանք ունեցողներից ներում խնդրելը, ապաքինող արդարության ճանապարհով գնալը:

«100 տարի է անցել Մեծ Եղեռնից, որը էթնիկ ինքնության ու հավատի ծրագրված ցեղասպանություն էր: Այն սկսվել էր 1915-ի ապրիլի 24-ին՝ 200 հայ մտավորականներին մահվան ուղարկելով: Այս գործընթացը շարունակվեց հարյուրհազարավոր հայերի աքսորով ու ավելի շատերի համակարգված սպանություններով: Այս քաղաքականությունից ու գործողություններից իրենց բաժինը ստացան նաև այս տարածաշրջանում ապրող մյուս քրիստոնյաները»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ տարբերությունները ջնջելու ու միատարր հասարակություն, մեկ ռասա, մեկ կրոն, մեկ լեզու ստեղծելու գաղափարը գերակա դարձնելու, տարբեր ժողովուրդների ու կրոնների գոյությունը մոռանալ տալու նպատակը ցավալիորեն հասել է մինչև մեր օրեր: Ընդգծվում է նաև, որ այդ ամոթալի երևույթներին առերեսման հետաձգումը չի նպաստում հասարակական համերաշխության ու իրականության մասին խոսակցություն բացելուն:

«Այս հողերում այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից հանդիսացող հայ ժողովրդի ու մեր հայ քաղաքացիների հետ միասին խաղաղության մեջ ապրելը ծայրաստիճան կարևոր է: Միևնույն ժամանակ մեր տարածաշրջանի մի մասը հանդիսացող Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրական ու տնտեսական հարաբերություններ զարգացնելը բխում է ժողովուրդների շահերից ու կարիքներից»,- նշված է հայտարարության մեջ:

Կուսակցությունը շեշտել է, որ կիսում է 107 տարվա ցավը և հիշում Ցեղասպանության զոհերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել