«Սնդիկի մասին» օրենքն ուժի մեջ է մտել
14:53 - 23 ապրիլի, 2022

«Սնդիկի մասին» օրենքն ուժի մեջ է մտել

«Սնդիկի մասին» օրենքն ապրիլի 22-ից ուժի մեջ է մտել, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 

Դրանով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում սնդիկի, սնդիկի միացությունների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները։ Օրենքի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից:
 
Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից։ Դրա նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից:
 
Ի կատարումն կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների՝ 2020 թվականից հետո կոնվենցիան վավերացրած երկրները Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն արգելում են կոնվենցիայում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը և արտահանումը։
 
Օրենքի ուժի մեջ մտնելով արգելվում է սույն մասով նախատեսված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը.
 
մարտկոցներ, բացառությամբ արծաթացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է, և օդացինկային կոճակային մարտկոցների, որոնցում սնդիկի պարունակությունը 2 տոկոսից քիչ է.
 
անջատիչներ և ռելեներ, բացառությամբ բարձր ճշտության կոնդենսատորային կամրջակների և կորստի չափման կամրջակների և բարձր ռադիոհաճախականության անջատիչների և հսկիչ սարքերի ու կարգավորիչների ռելեների, որոնցում սնդիկի առավելագույն պարունակությունը 20 մգ է մեկ կամրջակի, անջատիչի կամ ռելեի հաշվով.
 
փոքր չափի լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար 30 վատտ կամ պակաս հզորությամբ, որոնցում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը` լամպի մեկ այրիչի հաշվով.
 
խողովակաձև լյումինեսցենտային լամպեր ընդհանուր լուսավորության համար.
ա. մինչև 60 վատտ հզորությամբ եռագույն լյումինոֆորով և լամպում 5 մգ-ից բարձր սնդիկի պարունակությամբ,
բ. հալոֆոսֆատային լյումինոֆորով, 40 վատտ կամ պակաս հզորությամբ և լամպում 10 մգ-ից ավելի սնդիկի պարունակությամբ.
 
բարձր ճնշման սնդիկային լամպեր ընդհանուր լուսավորության համար.
 
սառը կաթոդային լյումինեսցենտային լամպեր և արտաքին էլեկտրոդով լյումինեսցենտային լամպեր էլեկտրոնային դիսփլեյների համար.
 
ա. կարճ (մինչև 500 միլիմետր ներառյալ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 3,5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով,
բ. միջին (500 միլիմետրից ավելի մինչև 1500 միլիմետր ներառյալ), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 5 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով,
գ. երկար (1500 միլիմետրից ավելի), որում սնդիկի պարունակությունը գերազանցում է 13 մգ-ը՝ մեկ լամպի հաշվով.
 
կոսմետիկ միջոցներ, որոնցում սնդիկի պարունակությունը 1 մաս/միլիոնից ավելի է, այդ թվում` մաշկը գունաբացող օճառներ և քսուքներ՝ բացառությամբ աչքի շրջանի այն կոսմետիկ միջոցների, որտեղ սնդիկն օգտագործվում է որպես կոնսերվանտ, և որի համար առկա չեն արդյունավետ և անվտանգ կոնսերվանտ փոխարինիչներ.
 
պեստիցիդներ, բիոցիդներ և տեղային հակասեպտիկներ.
 
ոչ էլեկտրոնային հետևյալ չափիչ սարքավորումները՝
– բարոմետրեր.
– հիգրոմետրեր.
– մանոմետրեր.
– ջերմաչափեր.
– սֆիգմոմանոմետրեր։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել