Կառավարությունը հավանության արժանացրեց 2021 թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
16:18 - 22 ապրիլի, 2022

Կառավարությունը հավանության արժանացրեց 2021 թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Կառավարությունն այսօրվա հերթական նիստի ընթացքում հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության 2021 թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և որոշում կայացրեց այն ներկայացնելու ԱԺ։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշեց, որ հաշտվետվությունը բաղկացած է երկու հիմնական մասից․ առաջինը վերլուծական մասն է, իսկ մյուս մասում  նկարագրվում են 2021 թ․ օրենքով հաստատված բյուջետային ցուցանիշները և դրանց փաստացի արդյունքները։ 

«2021 թվականը մեկնարկեց լարված ֆինանսատնտեսական միջավայրով, ինչը պայմանավորված էր Արցախի պատերազմի հարուցած սոցիալական, հոգեբանական, անվտանգային, ինչպես նաև քաղաքական որոշակի ճգնաժամերով, ինչպես նաև համավարակով։ Այս իրավիճակում 2021 թ․ հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը»,- ասաց նա։

Հայրապետյանի խոսքով՝ 2021-ին հնարավոր է եղել բարելավել հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը՝ գերակատարելով հարկային եկամուտների և տուրքերի պլանը շուրջ 147 մլրդ դրամով։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, խոսելով 2022-ի բյուջեից, նշեց, որ իրենք առայժմ շարունակում են ընթանալ բյուջեի եկամտային հատվածի գերակատարման պլանով։

Նա հիշեցրեց համահարթ եկամտային հարկի մասին օրենք ընդունելու որոշումը․ «Այդ համահարթությունն ընդունելով՝ մենք ցածրացրինք եկամտային հարկի դրույքաչափը, և այն ժամանակ մենք մենք կանխատեսում էինք, որ եկամտային հարկն իջեցնելով՝ ավելի շատ հարկ ենք հավաքելու։  2021 թվականը ամփոփելով՝ մենք արձանագրում ենք, որ 13 և ավելի տոկոսով սեգմենտներով եկամտային հարկը նվազել է, բայց մենք 2021 թ․, 2018 թ․ համեմատ, 97 մլրդ դրամով ավելի եկամտային հարկ ենք հավաքագրել։ Ընդ որում, այստեղ հաշվարկված չէ եկամտային հարկի վերադարձը»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել