Կառավարությունը հաստատեց հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները
16:09 - 22 ապրիլի, 2022

Կառավարությունը հաստատեց հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները

Կառավարությունը այսօրվա հերթական նիստի ընթացքում հաստատեց հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը։

2021թ. ապրիլի 7-ի ՀՕ-142-Ն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն՝ հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր է ունենալ ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայի միջոցով: Այս նախագծի ընդունմամբ կառավարությունն ակնկալում է ապահովել սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացում, նվազեցնել և բացառել հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները։

Նախագծով չափանոթներին ներկայացվող հիմնական պահանջներում նախատեսվել է, որ չափանոթների հարաբերական սխալանքը 20 °С ±10 °С ջերմաստիճանի դեպքում չի կարող գերազանցել ± 0,5%: Միաժամանակ սահմանվել է, որ վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցատախտակի վրա արտացոլված քանակության և չափանոթի անվանական տարողության նիշի տարբերությունը չի կարող գերազանցել 1 %-ը՝ հաշվի առնելով վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքի առավելագույն հարաբերական սխալանքը, որը ± 0,5% է։  Չափանոթը հեղուկ վառելիքով լիցքավորման ժամանակ վառելիքի արտանետումը բացառելու նպատակով նախատեսվել է նաև չափանոթների բկանցքի վրա փրփրամարիչի, ջերմաչափի (ջերմաստիճանի տվիչների) և հարթաչափերի առկայության պահանջ։ 

 Նախագծի հիմնական նպատակը, ինչպես նշված է հիմնավորման մեջ, պառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացումն է, հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներիկիրառմամբ սպառողին տրամադրվող վառելիքի չափաքանակների թերլցումների վերացումը։

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել