Նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու հնարավորությունը

 |armenpress.am|
18:20 - 21 ապրիլի, 2022

Նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը։ Ապրիլի 21-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Անչափահասների նկատմամբ ևս կիրառվում է որպես կարգապահական տույժ  պատժախուց տեղափոխելը։ Սակայն Եվրոպական դատարանի պրակտիկան, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ստանդարտներ և զեկույցները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված եզրակացությունները փաստում են այն, որ այսպիսի կարգապահական տույժերը պետք է լինեն վերջին միջոց։ Ըստ այդմ, նախագծով նախատեսվում է բացառել անչափահասների նկատմամբ պատժածուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը»,- ասաց Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ սա բնավ չի նշանակում, որ անպատժելիության որոշակի մթնոլորտ է առաջանում, որովհետև կան ևս երկու կարգապահական տույժեր, որոնք ըստ անհրաժեշտության անձի նկատմամբ կարող են կիրառվել։

«Խոսքը նկատողություն և խիստ նկատողություն կարգապահական տույժերի մասին է։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե այս կարգապահական տույժերը չեն կարող անհրաժեշտ և բավարար լինել կոնկրետ դեպքի համար, բայց վստահեցնում եմ, որ հատկապես անչափահասների դեպքում ցանկացած կարգապահական պատասխանատվությունը առաջ է բերելու որոշակի հետևանքներ։  Դա կարող է դիտարկվել թե պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի քննարկման շրջանակներում, թե կարճատև մեկնում տրամադրելու ինստիտուտի քննարկման շրջանակներում։ Այսինքն՝ տարբերություն չկա, թե որ կարգապահական տույժը կկիրառվի, անձի համար բացասական հետևանքներ կունենան»,- եզրափակեց Սարգսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել