Ռուսաստանը կորցրել է վստահությունն ուկրաինացի բանակցողների նկատմամբ․ Զախարովա
14:16 - 20 ապրիլի, 2022

Ռուսաստանը կորցրել է վստահությունն ուկրաինացի բանակցողների նկատմամբ․ Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կորցրել է վստահությունն ուկրաինացի բանակցողների նկատմամբ, գրում է «Կոմերսանտը»։

«Այստեղ արդեն նույնիսկ «վստահիր, բայց ստուգիր» տարբերակը չէ, այստեղ պարզապես «ստուգիրն» է, որովհետև այդ մարդկանց նկատմամբ վստահություն վաղուց էլ չկա»,— ասել է Զախարովան «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը։

«Բանակցություններն օգտագործվում են որպես շեղող հնարք», - հավելել է նա։

«Այն մարդու գրասենյակի կողմից, որն իրեն անվանում է Ուկրաինայի նախագահ և համապատասխան լիազորություններ ունի, բանակցություններ վարելու խնդրանք է հնչել, Ռուսաստանը չի մերժել այդ խնդրանքը։ Իսկ հետո, ինչպես միշտ, Կիևի ռեժիմի կողմից ուղիղ և փոխաբերական իմաստով կրկես է սկսվել․ մեկ գալիս են, մեկ չեն գալիս, մի օր մասնակցում են, մի օր չեն մասնակցում։ Արդյո՞ք Մոսկվայում սրան պատրաստ էին։ Այո, իհարկե»,— ասել է Զախարովան։

Վերջին անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան առկա ձևաչափով բանակցել են մարտի 29-ին Ստամբուլում։ Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ բանակցությունները փակուղի են մտել։ Իսկ ապրիլի 19-ին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման ժամկետների բացակայության մասին։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել