ԱԱԾ-ն առաջարկում է ՊՊԾ-ի գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին
13:29 - 19 ապրիլի, 2022

ԱԱԾ-ն առաջարկում է ՊՊԾ-ի գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հանրային քննարկման է ներկայացրել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ 
Նախագծով առաջարկվում է  պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին․ «Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այդուհանդերձ, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսևորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեև Ազգային անվտանգության ծառայության աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ Ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ և հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում»:

Ըստ նախագծի՝ առաջարկվում է նաև ՊՊԾ-ն ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում․ «Կարևորել զինծառայողներով համալրված և «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում»։

ԱԱԾ-ի ներկայացրած նախագծով՝ ՀՀ պաշտոնաթող նախագահներին ՀՀ տարածքում առաջարկվում է տրամադրել անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով, իսկ պաշտոնաթող վարչապետներին առաջարկվում է տրամադրել անձնական պետական պահպանություն 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով։ Գործող կարգավորումներով պաշտոնաթող նախագահներին ու վարչապետերին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Բացի նշյալ փոփոխություններից՝ առաջարկվում է, որ անձնական բժիշկ ունենա նաև Ազգային ժողովի նախագահը․ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել