Վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում՝ ով է Փաշինյանի հիշատակած «միջազգային հանրությունը»
18:13 - 18 ապրիլի, 2022

Վարչապետի աշխատակազմը չի մեկնաբանում՝ ով է Փաշինյանի հիշատակած «միջազգային հանրությունը»

Ո՞վ է «միջազգային հանրությունը»․ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Աժ-ում ունեցած ելույթից հետո սա գլխավոր հարցերից մեկն է, որ հանրային քննարկման տիրույթում է։

Ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ իր ելույթում Փաշինյանը հայտարարեց․ «Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար։ Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ, հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»։

Այս հայտարարության մեջ գործածած «միջազգային հանրություն» բառակապակցությունը հանրության համար ակնհայտ չի դարձնում, թե որ երկրները կամ միջազգային կազմակերպություններն են հանդես եկել վերը մեջբերված հայտարարության մեջ հիշատակված առաջարկությամբ եւ կամ պահանջով, ուստի Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հայտնել հիշատակված առաջարկով կամ պահանջով հանդես եկած երկրների կամ միջազգային կազմակերպությունների անունները։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից այս մեկ նախադասությամբ են արձագանքել մեր գրությանը․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչեցված հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունենք»։

Լուսանկարը՝ Ազգային ժողովի կայքից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել