Գյուլագարակի ղեկավարն ու իր տեղակալը խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման ենթակա տվյալներ են թաքցրել․ դատախազություն
11:04 - 18 ապրիլի, 2022

Գյուլագարակի ղեկավարն ու իր տեղակալը խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման ենթակա տվյալներ են թաքցրել․ դատախազություն

Պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գ.-ի, վերջինիս հետ փոխկապակցված ընտանիքի անդամ Թ.Բ.-ի, ինչպես նաև Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ-ի կողմից իրենց 2020թ. տարեկան հայտարարագրերում հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ թաքցնելու հանգամանքներ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես, համայնքի ղեկավար Մ.Գ.-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ պաշտոնատար անձի 2020 թվականի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իր անվամբ գրանցված Լոռու մարզի Ագարակ համայնքի Լոռի Բերդ և հիմնականում Կուրթան գյուղերում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակելի նպատակային նշանակության 11 հողամասերը՝ որպես պահեստ օգտագործման նպատակով արտադրական նշանակության շինությամբ և բնակելի տնով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 2,5 մլն դրամ: Թաքցվել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող LEXUS GX 470 մակնիշի ավտոմեքենան, «ԳԵՏԱՎԱՆ» ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը: Բացի այդ, Մ.Գ.-ն չի հայտարարագրել աշխատավարձի տեսքով 2020թ. ստացած եկամտից 2 մլն 822 648 դրամը: 

Դատախազության հաղորդմամբ՝ Գյուլագարակ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված Թ.Բ.-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի ընտանիքի անդամի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության իրավունքով, ինչպես նաև համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով իր անունով գրանցված Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղում գտնվող գյուղատնտեսական, բնակելի նպատակային նշանակության 11 հողամաս՝ ԱՀԿ շենքով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 9 մլն 514 256 դրամ: Բացի այդ, վերջինս չի հայտարարագրել նաև 2020թ. ընթացքում իր հաշիվներում ունեցած ընդհանուր  20 մլն 898 491 դրամ գումարը:  

Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված Լոռու մարզի Գյուլակարագ համայնքում գտնվող գյուղատնտեսական, կառուցապատման, բնակելի նպատակային նշանակության ընդհանուր 3 հողամաս, իրեն տրամադրված 1 մլն 350 000 դրամ վարկը, ինչպես նաև՝ 4 մլն 237 134 դրամի չափով եկամուտը:  

2022թ. ապրիլի 2-ին նշված երեք անձանց վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործը, ըստ մեղադրանքի նշված երեք անձի. ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու: 

2022թ. ընթացքում, ապրիլի 15-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ (hայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) և 314.3–րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով քննվել է 16 քրեական  գործ, որոնցից 12-ը՝ փոխանցվել է նախորդ տարվանից:

Վերոնշյալ քրեական գործերից 13-ը հարուցվել են հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու (որից 1-ը՝ հարուցվել է  2022թ), իսկ 2-ը՝ hայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու       (2-ն էլ հարուցվել են 2022թ.) փաստերով, մեկ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314.2 և 314.3-րդ հոդվածներով:

16 քրեական գործով 11 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 10-ը՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 314.3-րդ հոդվածով:

Մեղադրական եզրակացությամբ Գլխավոր դատախազություն է ուղարկվել 3 քրեական գործ 5 անձի վերաբերյալ, որից 1-ով 1 անձի վերաբերյալ դատախազի կողմից որոշում է կայացվել ոչ արդրացնող ՝ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը  կարճելու վերաբերյալ:

Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածով նախատեսված արարքի քրեականացումից հետո (հոդվածը լրացվել է 09.06.17թ. ) 2022թ. առաջին անգամ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 1 գործ 1 անձի վերաբերյալ:   

1 քրեական գործի վարույթը կասեցվել է, իսկ 13 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել