Ովքե՞ր են որոշելու՝ Ռուսաստանը դեֆոլտի մեջ է, թե ոչ․ The New York Times
22:45 - 17 ապրիլի, 2022

Ովքե՞ր են որոշելու՝ Ռուսաստանը դեֆոլտի մեջ է, թե ոչ․ The New York Times

Ռուսաստանը քայլ առ քայլ մոտենում է արտաքին պարտքի մասով խոշոր դեֆոլտի՝ մռայլ սահմանագծի, որը չէր նշմարվում գրեթե մեկ դար առաջ բոլշևիստական հեղափոխության ժամանակներից ի վեր, գրում է The New York Times-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«Վրա հասնող դեֆոլտը պատժամիջոցների հետևանք է, որոնք սառեցրել են Ռուսաստանի արտարժութային պահուստների գրեթե կեսը՝ շուրջ 640 մլրդ դոլարը՝ սահմանափակելով պետական փոխառության պարտատոմսերի համար դրանց թողարկման արժույթով՝ դոլարով, վճարման երկրի հնարավորությունները։ Ռուսաստանն դա արդեն որակել է որպես ԱՄՆ և նրա դաշնակիցների սահմանած պատժամիջոցների «արհեստական» արդյունք և սպառնացել նման ելքը վիճարկել դատարանում։

Ռուսաստանի և աշխարհի խոշոր ներդրողների միջև այդ հնարավոր մենամարտը հարցեր է բարձրացնում, թե ով է որոշում՝ իրոք պետությունը դեֆոլտի մեջ է, թե ոչ՝ հաշվի առնելով բացառիկ իրավիճակը, երբ պատժամիջոցները սահմանափակում են պարտքերը մարելու երկրի հնարավորությունը։

Ռուսաստանը հազիվ թե թեթևությամբ վերաբերվի դեֆոլտի հայտարարմանը։ Եթե նման բան տեղի ունենա, նա տարիներով կբախվի փոխառությունների բարձր արժեքին, դա կարգելափակի միջազգային շուկաների հասանելիությունը նրա համար, ինչն էլ ճնշում կգործադրի տնտեսության վրա, որի աճն այն այս տարի, ինչպես կանխատեսվում է, զգալիորեն կրճատվելու է։ Դա նաև բիծ կլինի նախագահ Վլադիմիր Պուտինի տնտեսական կառավարման համար, որը կընդգծի Ուկրաինա ներխուժման գինը։

Ռուսաստանի համար, որի՝ տարիներով հաստատված կարևորագույն գործարար կապերն ԱՄՆ, Եվրոպայի և այլ պետությունների հետ անսպասելիորեն խզվել են, վտանգված է տնտեսական աճի հիմքերից մեկը՝ երկրի սահմաններից դուրս հեշտությամբ գումարներ փոխառելու հնարավորությունը։

Քանի որ Ռուսաստանի դժվար դրությունն այսքան անսովոր է, բաց է մնում այն հարցը, թե ով է սուվերեն պարտքի դեֆոլտ հայտարարող դատավորը։

Ամենահստակ վճիռը կարող են կայացնել վարկանիշային խոշոր գործակալությունները, որոք արդեն ակնարկել են, որ Ռուսաստանի վարկունակությունը վատթարանում  է, և դեֆոլտը սարերի հետևում չէ։

Անցյալ շաբաթ Moody's գործակալությունը զգուշացրել է, որ ապրիլի 4-ին շուրջ 650 մլն դոլարի պարտքի մարումը ռուբլով կարող է դեֆոլտ համարվել, եթե Ռուսաստանը չփոխի իր քաղաքականությունը և դոլարով վճարում չկատարի մինչև մայիսի 4-ը, երբ լրանում է 30-օրյա արտոնյալ ժամանակահատվածը։ Ավելի վաղ S&P Global-ը համանման զգուշացում էր արել՝ Ռուսաստանի վարկանիշը հասցնելով «ընտրողական դեֆոլտի»։

Սակայն պարզ չէ, թե ինչպես են վարկանիշային գործակալությունները գնահատելու իրավիճակը, եթե Ռուսաստանը չկարողանա արտոնյալ ժամկետի ավարտից հետո վճրումները կատարել, քանի որ ԵՄ պատժամիջոցների հետևանքով գործակալություններին արգելվել է գնահատել Ռուսաստանի վարկանիշը։ Moody's-ն ու S&P-ին չեն մեկնաբանել այս հարցը։ Fitch-ի ներկայացուցիչն ասել է, որ պատժամիջոցների պատճառով չի կարող մեկնաբանություն տալ Ռուսաստանի վարկունակության վերաբերյալ։

Այն բանից հետո, երբ մայիսի 4-ին լրանա արտարժութային պարտատոմսերի համար վճարման արտոնյալ ժամանակահատվածը, հաջորդ առանցքային պահը կլինի մայիսի 25-ը։ Հենց այդ ժամանակ պարտատոմսերի ամերիկացի սեփականատերերն այլևս չեն կարողանա ընդունել ռուսական պարտքերի համար վճարումները ժամանակավոր բացառության շրջանակում, որն արել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Թեև վարկանիշային գործակալությունների վճիռը զգալի կշիռ ունի, պարտատոմսերի սեփականատերերն են որոշելու այն բանի հետևանքները, որ Ռուսաստանը չի կատարում վճարումները կամ խախտում է իր պայմանագրերի պայմանները։ Նրանք կարող են սպասողական դիրք գրավել կամ հայտարարել, որ պարտատոմսերի մարումներն անհապաղ պետք է կատարել, սա կարող է հանգեցնել նրան, որ «խաչաձև դեֆոլտի» վիճակում գտնվող պարտատոմսերը նույնպես դեֆոլտի մեջ հայտնվեն։

Դեֆոլտ հայտարարող մյուս հնարավոր կառույցը Վարկային ածանցյալների հարցերով կոմիտեն է։ Այն որոշում է, թե արդյոք ռուբլով վճարումները պետք է վճարման խաթարում համարել, որպեսզի ապահովագրական վճարները սկսեն տրամադրվել։ Կոմիտեն արդեն հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը դեֆոլտի մեջ է պարտատոմսերի տոկոսագումարները չվճարելու համար։

Որոշ վերլուծաբանների համար այս որոշումն ու ռուբլով վճարումների իրականացումն արդեն նշանակում են, որ Ռուսաստանը տեխնիկական առումով դեֆոլտի մեջ է։

«Եթե Ռուսաստանը ժամանակին չի վճարում, վճարումները չի կատարում պայմանագրով ամրագրված արժույթով, հստակ է, որ սա դեֆոլտ է», - ասում է BlueBay Asset Management-ի սուվերեն ներդրումների գծով ավագ մասնագետ Թիմոթի Աշը։

Ռուսաստանի դեպքը բացառիկ է պատժամիջոցների պատճառով, և ակնկալվում է, որ նա պնդելու է, թե արտարժույթով վճարումների իր հնարավորությունը սահմանափակվել է, քանի որ իր համար հասանելի չեն սեփական պահուստային միջոցները։

Սակայն Աշի խոսքով՝ Ռուսաստանի համար դժվար կլինի դատարան գտնել, որը կսատարի իր դիրքորոշումը։

Սուվերեն պարտքի փորձագետ Թիմ Սեմփլսը կարծում է, որ Ռուսաստանը ուղիներ է փնտրելու՝ դեֆոլտը չընդունելու, նա կարող է հղում անել պայմանագրերում առկա ձևակերպումներն, որոնք կարող են այնպես մեկնաբանվել, թե թույլ են տալիս այլ արժույթներով վճարումները և այլն։

Չնայած դեֆոլտի խորհրդանշական իմաստին՝ Ռուսաստանի և մնացած աշխարհի համար տնտեսական հետևանքները համեմատաբար մեծ չեն լինելու։

Տնտեսագետների գնահատականով՝ Ռուսաստանի արտաքին պետական պարտքը կազմում է շուրջ 75 մլրդ դոլար, սակայն էներգակիրների վաճառքի տարեկան ծավալները կազմում են 200 մլրդ դոլար։ Ներդրողները դեֆոլտի էին սպասում դեռ փետրվարի վերջին, իսկ քաղաքական գործիչները ենթադրում են, որ դեֆոլտը սպառնալիք չէ ֆինանսական համակարգի կայունության ։

Վերջնարդյունքում՝ շուկան է որոշելու՝ արդյոք Ռուսաստանն արժանի է վստահության, թե՝ ոչ, իսկ Ուկրաինայում նրա գործողություններն ու ապագա պատժամիջոցները կանխորոշելու են նրա տնտեսության ճակատագիրը»։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել