Պատերազմից հետո պետական դավաճանության և լրտեսության առթիվ հարուցվել է գրեթե այնքան քրգործ, որքան նախորդ 13 տարիների ընթացքում
20:30 - 23 ապրիլի, 2022

Պատերազմից հետո պետական դավաճանության և լրտեսության առթիվ հարուցվել է գրեթե այնքան քրգործ, որքան նախորդ 13 տարիների ընթացքում

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի մեկնարկից՝ սեպտեմբերի 27-ից ի վեր մինչ օրս պետական դավաճանության եւ լրտեսության առթիվ ՀՀ-ում հարուցվել է 9 քրեական գործ (ապրիլի 4-ի դրությամբ)։ Այս թիվը գրեթե հավասար է նախորդ 13 տարիների ընթացքում նույն հոդվածներով հարուցված քրեական գործերի ընդհանուր քանակին։

Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտից հայտնել են, որ հարուցված 9 քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավված 43 անձ, որոնցից 29-ի նկատմամբ ընտրված է խափանման միջոց կալանավորումը, 14-ի նկատմամբ՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Չմանրամասնելով, թե ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ (պետական դավաճանությունը) եւ 302-րդ (լրտեսությունը) հոդվածների կոնկրետ որ հատկանիշներով են հարուցվել քրեական գործերը, եւ առաջադրվել մեղադրանքները՝ ԱԱԾ-ից հայտնել են միայն, որ հիշյալ գործերից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննության, 2 քրեական գործի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով (ՀՀ ՔՕ 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ), 1 գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով (ՀՀ ՔՕ 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ), իսկ 3 քրեական գործ միացվել են մեկ վարույթում եւ այժմ նախաքննության փուլում են։

Made with Flourish
Աղբյուրը՝ ՀՀ ԱԱԾ
 

Գրավոր հարցմամբ դիմել էինք նաեւ ՀՀ ոստիկանությանը՝ խնդրելով հայտնել, թե նախկինում, մասնավորապես՝ 2008-2020 թթ (մինչ սեպտ․ 27) ժամանակահատվածում պետական դավաճանության եւ լրտեսության առթիվ ՀՀ-ում քանի քրեական գործ է հարուցվել, քանի անձ է ներգրավվել որպես մեղադրյալ, քանի անձ է հետախուզվել, ապա նաեւ՝ հայտնաբերվել, եւ մեղադրական կամ արդարացման բնույթի քանի դատավճիռ է կայացվել։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից հայտնել են, որ 2008-2020 թթ ընթացքում 299-րդ հոդվածի՝ պետական դավաճանության հատկանիշներով հաշվառվել է հանցագործության 6 դեպք, իսկ 302-րդ հոդվածի՝ լրտեսության հատկանիշներով՝ 4 դեպք։ Դեպքերի թիվը համընկնում է նույն ժամանակահատվածում հարուցված քրեական գործերի թվին, այսինքն՝ 2008-2020 թթ ընթացքում հիշյալ հոդվածներով հարուցվել է 10 քրեական գործ։

Ինչ վերաբերում է պատերազմի մեկնարկից ի վեր հաշվառված հանցագործության դեպքերին, Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ պետական դավաճանության դեպքերի թիվը 4-ն է, լրտեսության դեպքերինը՝ 2-ը։

Ոստիկանությունից նաեւ հայտնել են, որ ընդհանուր առմամբ, 2008-2021 թթ ժամանակահատվածում պետական դավաճանության հոդվածով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել 13 անձի, իսկ լրտեսության հոդվածով՝ 1 անձի նկատմամբ։ Քանի որ թե՛ մեղադրյալների, թե՛ հարուցված գործերի քանակը պակաս է ԱԱԾ-ի հայտնած թվից, Ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանում խնդրեցինք։ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի տեղակալ Արա Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ այս տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիշյալ հոդվածներով հարուցված բոլոր քրեական գործերի տվյալները չէ, որ անմիջապես ուղարկում են իրենց, որոշ դեպքերում, նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված, դրանք ուղարկվում են ավելի ուշ, երբ նախաքննության ավարտ է հայտարարվում։ Դրանից բացի, ինչպես արդեն նշեցինք, ԱԱԾ-ի հարուցած 3 գործերը, թեեւ ի սկզբանե հարուցվել են առանձին, հետագայում միացվել են մեկ վարույթում եւ քննվում են համատեղ։

Made with Flourish
Աղբյուրը՝ ՀՀ ոստիկանություն
 

Made with Flourish
Աղբյուրը՝ ՀՀ ոստիկանություն

Ընդհանուր առմամբ, 2008-2021 թթ ընթացքում պետական դավաճանության հոդվածով հարուցված 10 գործերից 9-ը ուղարկվել է դատարան, 1-ը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։ Լրտեսության հոդվածով հարուցված 6 գործերից 1-ը ուղարկվել է դատարան, 3-ը կասեցվել են նույն՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով, 1-ը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 1-ը գտնվում է ընթացքի մեջ: Հիշյալ ժամանակահատվածում նշված հոդվածներով որևէ անձ չի հետախուզվել:
 

Made with Flourish
Աղբյուրը՝ ՀՀ ոստիկանություն
 

Made with Flourish
Աղբյուրը՝ ՀՀ ոստիկանություն

Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում հիշյալ հոդվածներով հանցագործության դեպքեր չեն հաշվառվել։ Ինչ վերաբերում է դատարան ուղարկված գործերով կայացված դատավճիռների բնույթին, Ոստիկանությունը դրանց վերաբերյալ հաշվառում չի իրականացնում։ Այնուհանդերձ, Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգում որոնում իրականացնելով՝ կարող ենք որոշակի տեղեկություններ դուրս բերել։

Մասնավորապես, որոնելով պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործերը՝ համակարգը գտնում է դատարան ուղարկված գործերից միայն 6-ը, որոնցից 4-ի տեղեկությունն ամբողջությամբ փակ է, ինչը նշանակում է, որ այդ գործերը, օրենքով պահպանվող գաղտնիքի առկայությամբ պայմանավորված, քննվել են դռնփակ, ուստի հնարավոր չէ ասել, թե դրանցով ինչպիսի դատավճիռներ են կայացվել։

Մյուս 2 գործերից 1-ինով ամբաստանյալի կարգավիճակ է ունեցել 4 անձ, որոնցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով (ոչ արդարացնող հիմք), 2-ը մեղավոր են ճանաչվել՝ դատապարտվելով 12 եւ 14 տարվա ազատազրկման, իսկ 1-ը արդարացվել է։ Դատավճիռը հետագայում բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, ինչի արդյունքում մեղավոր ճանաչված անձանց մասով այն մնացել է անփոփոխ, իսկ արդարացված անձի մասով բեկանվել է եւ ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նոր քննության։ Նոր քննության արդյունքում անձը դարձյալ արդարացվել է։

Պետական դավաճանության վերաբերյալ հասանելի 2-րդ գործով ամբաստանյալի կարգավիճակ է ունեցել 6 անձ, որոնցից հիշյալ հոդվածով մեղադրանք է առաջադրված եղել 3-ին։ 3-ն էլ մեղավոր են ճանաչվել՝ դատապարտվելով 14, 10 եւ 10 տարի ազատազրկման։ Հետագայում բողոքարկման արդյունքում դատավճիռները մնացել են անփոփոխ՝ մտնելով օրինական ուժի մեջ։ 

Այսինքն՝ պետական դավաճանության վերաբերյալ նախկինում քննված գործերով, ըստ Դատալեքսում հասանելի տեղեկության, մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել առնվազն 5 անձ։

ՀՀ ՔՕ 302-րդ՝ լրտեսության հոդվածով որոնում իրականացնելիս ցուցադրվում է միայն 1 գործ, որով եւս տեղեկությունը ամբողջությամբ սահմանափակված է, ուստի դրա վերաբերյալ եզրահանգումներ անել հնարավոր չէ։

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի մեկնարկից հետո հարուցված եւ արդեն դատարան ուղարկված 3 գործերին, որոնցով նախաքննությունն ավարտվել է 2021 թ․ դեկտեմբեր, ապրիլ, մայիս ամիսներին, ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրություններից պարզ է դառնում, որ 3 դեպքում էլ ՀՀ քաղաքացիները, հավաքագրվելով Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից, նրանց փոխանցել են ՀՀ-ի եւ ՀՀ ԶՈՒ-ի վերաբերյալ պետական եւ ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություններ։

Մասնավորապես, գործերից մեկով մեղադրյալի կարգավիճակում են ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ երկու քաղաքացիներ, որոնցից մեկը՝ նախկին զինվորական։ Վերջիններս, ըստ մեղադրանքի, լուսանկարել եւ հատուկ ծառայություններին են փոխանցել այնպիսի կարեւոր տեղեկություններ, ինչպիսիք են ՀՀ ՊՆ զորամասերում տեղակայված զինտեխնիկան, զինծառայողների քանակը, հրամանատարական կազմի անձնական տվյալները, ուսումնական գումարտակների,  Հայաստանի եւ Արցախի հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումները եւ այլն։ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ նախկին զինվորականը իր այդ գործողությունները շարունակել է նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ որպես կամավորական ջոկատի հրամանատար մեկնելով Հադրութի ինքնապաշտպանական շրջան։

Երկրորդ գործով մեղադրյալի կարգավիճակում դարձյալ նախկին զինվորական է, որը, ըստ մեղադրանքի, իր առանձնատանը պահել եւ հետագայում Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել Հայաստանի եւ Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, սպառազինության, ռազմական տեխնիկայի քանակների, տեսակների, մարտական զորավարժությունների անցկացման ռադիոտվյալների եւ ծառայողական ու պետական գաղտնիք կազմող մի շարք այլ տեղեկությունների վերաբերյալ փաստաթղթեր եւ տվյալներ:

Դատարան ուղարկված երրորդ գործով էլ մեղադրյալի կարգավիճակում են երիտասարդ ամուսիններ, որոնք, ըստ մեղադրանքի, ադրբեջանական ծառայություններին պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ են փոխանցել 1500 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց։

Այս երեք գործերով դատավճիռներ դեռեւս չեն կայացվել․ դրանք դատաքննության փուլում են եւ քննվում են դռնփակ ռեժիմով։

 

ԹԱՐՄԱՑՈՒՄ- Ապրիլի 25-ին, ԱԱԾ-ն հայտնեց պետական դավաճանության եւս մեկ դեպքի բացահայտման մասին՝ միաժամանակ հաղորդելով ամփոփ որոշ տվյալներ։

 

Միլենա Խաչիկյան
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել