Մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ մշակելու հստակ գործողություններ. ընդդիմադիր պատգամավոր |armenpress.am|
13:16 - 15 ապրիլի, 2022

Մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ մշակելու հստակ գործողություններ. ընդդիմադիր պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պնդում է՝ իշխանափոխության հասնելու հարցով իրենք չեն հապաղում, պարզապես իրենց պետք է ժամանակ հստակ գործողությունները մշակելու և հանրությանը ներկայացնելու համար: Հայկ Մամիջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ ասի, թե, միջազգային հանրություն ասելով, ում ի նկատի ունի, երբ հայտարարում է, որ միջազգային հանրությունը հորդորում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը: Պատգամավորը թերահավատորեն է մոտենում այդ հայտարարությանը:

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմությունն ինչո՞վ է վստահ, որ իշխանափոխության արդյունքում Արցախի հարցով, բանակցությունների հարցում հնարավոր է հասնել արդյունքների՝ նա ասաց. «Շատ պարզ. էմպիրիկ փորձով: Տասնամյակներ շարունակ հայկական դիվանագիտությունը հաջողել է իրական միջազգային հանրությանը, մասնավորապես համանախագահ երկրների և հայկական դիրքորոշումների նույն ծիրում, նույն էջում գտնվելը ապահովել: Եթե դա մեզ հաջողվել է առաջ, կհաջողվի նաև ապագայում»:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ընդդիմությունն ինչո՞ւ է հապաղում՝ պատգամավորն ասաց. «Չենք հապաղում, պարզապես մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք, հնարավորություն չունենք չպատրաստված, միանշանակ չգծված և մանրամասն չպլանավորված գործողություններ անելու: Եվ դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ հստակ գործողությունները մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու համար: Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է»:

Մինչև ընդդիմությունը կհայտարարի հաջորդ գործողությունների վերաբերյալ նա հորդորեց իրենց հավատացող քաղաքացիներին ընտրել 5 մարդու, որոնք ընդդիմության հանրահավաքներին չեն մասնակցում և կարողանալ նրանց մասնակից դարձնել ընդդիմության կազմակերպած «Արցախի փրկության գործողություններին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել