Կիրականացվի բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիր |1lurer.am|
12:36 - 15 ապրիլի, 2022

Կիրականացվի բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագիր |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը. պետությունը մասնակի կամ ամբողջությամբ կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքները:

«Հայաստանում, վիճակագրական տվյալների համաձայն, առկա է շուրջ 870 հազար բնակելի միավոր՝ 450 հազար բնակարան, 420 հազար բնակելի տուն: Բնակֆոնդի հիմնական մասը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին, և սեփականաշնորհման գործընթացից ի վեր դրանց զգալի մասում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել: Բնակֆոնդի նշված հատվածում իրականացված չեն նաև էներգաարդյունավետության միջոցառումներ, ինչի արդյունքում տնային տնտեսությունները չեն կարողանում բավարար չափով ջեռուցել իրենց բնակարանները, և այդ տնտեսությունների կեսից ավելին կարող է համարվել էներգետիկ աղքատ»,- ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Ծրագրի շրջանակում պետական աջակցություն նախատեսվում է ցուցաբերել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տարեկան տոկոսադրույքի ամբողջական կամ մասնակի սուբսիդավորման միջոցով:

«Ծրագրով դիտարկվում են գոյություն ունեցող բազմաբնակարան շենքի բնակարանը կամ անհատական բնակելի տունը, բացառությամբ 4-րդ կարգի վնասվածություն ունեցող բնակարանների և բնակելի տների»,- ասաց Ղուլարյանը:

Նա նշեց, որ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 0 տոկոս տոկոսադրույքով:

Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վարկը կտրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով: Երևանում այն կկազմի 5 տոկոս:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ սա կդառնա ծավալուն ծրագիր:

«Մտածել ենք գործարկել պետական ծրագիր, որի շրջանակներում քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և ռենովացիայի ենթարկել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգախնայողության համար: Ակնկալում ենք, որ միջնաժամկետ և երկարաժամկետ առումով քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս վարձավճարներ կվճարեն, և այս ներդրումն իրեն կարդարացնի»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել