Ռուսաստանը հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահի կարգավիճակի փոփոխության մասին |civilnet.am|
22:53 - 14 ապրիլի, 2022

Ռուսաստանը հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահի կարգավիճակի փոփոխության մասին |civilnet.am|

civilnet.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Այս մասին լրատվամիջոցների հարցին ի պատասխան ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիշեցնեմ, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրին բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Մինչդեռ Հարավային Կովկասում իրավիճակը բանակցային դադարներ թույլ չի տալիս։ Քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը, անհրաժեշտ են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետևողական քայլեր։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր որակով, այն է ՝ Ռուսաստան ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի»,- ասված է Զախարովայի պատասխանում։

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ Խովաևի ուշադրության կենտրոնում խաղաղության պայմանագրի պատրաստման թեման։

«Ինչպես ավելի վաղ նշել էինք, Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» և դրան հետևած Երևանի արձագանքը հիմք են հանդիսանալու խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններ սկսելու համար»

Զախարովան նշել է, որ ապրիլի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցությունների թեման քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ինչպես նաև հարցին անդրադարձ է եղել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով․ «Ռուսաստանը վճռական է աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասված է նրա պատասխանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել