Հիմա մենք խոսում ենք Հայաստանի և Արցախի լինել-չլինելու մասին. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր երեկվա ելույթի արձագանքներին
13:58 - 14 ապրիլի, 2022

Հիմա մենք խոսում ենք Հայաստանի և Արցախի լինել-չլինելու մասին. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր երեկվա ելույթի արձագանքներին

Երեկվա իմ ելույթով տարածություն բացեցինք ՀՀ-ի և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից: Մենք ճանապարհ ենք բացում ՀՀ-ի և Արցախի համար՝ պետականությունը պահպանելու: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում:

«Էկզոտիկ մտքեր են հնչում, սպառնալիք է հնչեցվում, որ եթե էդպես չլինի, էնպես չլինի, Ղարաբաղի ժողովրդին կհանենք, կամ դուրս կգա ժողովուրդը: Տպավորություն է, որ մարդիկ կան՝ երազում են՝ ԼՂ-ից ժողովուրդը օր առաջ դուրս գա: Մենք ասում ենք՝ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, Ղարաբաղցին Ղարաբաղում պիտի լինի ղարաբաղցի, արցախցի և հայ. սրա մասին է խոսքը: Եվ մենք այդ տարածությունը բացել ենք:

Եվ մեր նահատակները դրա համար են ընկել, որ հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար, որովհետև 1998-ից փաթեթափուլային փաթեթով մենք, հայությունը ընդհանրապես զրկվել էր տարածությունից: Ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին «մատաղացու գառան կարգավիճակից» դուրս բերենք: Ի վերջո՝ լավ, եկեք հասկանանք՝ պատերազմն ինչու է եղել, ինչու նախկինում չի եղել: Մենք չենք որոշել՝ լինի պատերազմ թե չլինի, մենք չենք որոշել ոչ մի բան, ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, և մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն կամ ներեն:

Մենք պետություն ենք, ազգ ենք, ինքնիշխան ենք, այո՛, մենք հպարտ ենք, այո՛, արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն, և մենք թույլ չենք տա մեր իրավունքը խլել մեզնից՝ մանիպուլացնելով, մեզ հայրենասիրության մոդելներ հրամցնելով, որ այ դուք պետք է հայրենասեր լինեք էնպես, ինչպես մեզ է ձեռք տալիս: Մենք հայրենասեր պետք է լինենք էնպես, ինչպես երեխաներին է ձեռք տալիս (ԱԺ նիստին ներկա են Երևանի 198 դպրոցի աշակերտները- խմբ.): Ես իրենց ասում եմ՝ ես թույլ չեմ տալու, որ մեր սերունդներին պահեն «մատաղացու գառան կարգավիճակով»:

Մենք էդքան ասում ենք՝ մեզ կոտորեցին, ցեղասպանեցին, չե՞նք հասկանալու ի վերջո դրանց խորքային պատճառները: Ինչքան կարելի է զոհվածների էմոցիաների վրա խաղալ: Նահատաները ընկել են այս խոսակցոթյան համար, ընկել են, որ մեզ պարտադրեն, որ թույլ չտանք, որ մեզ պահեն դարերով «մատաղացու գառան կարգավիճակում»: 

Մեր պատմությունը պետք է ինքներս գրենք, ոչ թե ուրիշներին թույլ տանք, որ իրենք գրեն և մատուցեն մեզ»,- նշեց վարչապետը:

Նա անդրադարձավ հարցին, թե արդյոք Ադրբեջանը ուզո՞ւմ է խաղաղություն. «Ճիշտ մտահոգություն է, բայց խոսքն ուրիշ բանի մասին է: Երբ ես ասում եմ՝ մենք մեր առաջ տարածություն ենք բացել, նկատի ունեմ՝ լավ, ի վերջո մե՛նք պետք է օրակարգ բերենք հարցեր, մե՛նք պետք է լցնենք բովանդակությամբ տարածաշրջանի օրակարգը: Դա էլ է նույն պրոցեսի մեջ: Հերիք է՝ մեզ անընդհատ օրակարգեր պարտադրեն և մատուցեն, հասկանո՞ւմ եք՝ մենք օրակարգ չենք պարտադրել: 

Հողեր պահել ենք այնքան, քանի դեռ շատերին դա ձեռնտու է եղել: Հիմա մենք չենք խոսում ընթացիկ, մենք խոսում ենք Հայաստանի և Արցախի լինել-չլինելու մասին: Հայաստանն ու Արցախը ընդամենը հողակտորներ չեն, որովհետև Հայաստանի բոլոր երբեմնի հողակտորներն էլ այսօր կան երկրագնդի վրա: Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջզգային իրահավարաբերության սուբյեկտ է: Սա ենք մենք ուզում:

Եվ այո, մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա, այդ ագրեսիվությունը մենակ այնտեղ չէ, որտեղ մենք տեսնում ենք, այն բամաթիվ այլ տեղերում կա: Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը. ուրիշ տարբերակ չկա»:

Փաշինյանն անդրադարձավ նաև Լենա Նազարյանի այն հայտարարությանը, որ քաղհասարակության հետ հանդիպումներում մարդիկ «պահանջում էին նորակոչիկներին հեռացնել սահմանից, փոխարենը պայմանագրային զինծառայողներին տանել սահման»: Վարչապետը նշեց, որ իրենք բոլորին ուզում են հետ բերել սահմանից:

«Մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ, որովհետև եթե զինվորը կանգնած է սահմանին, դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այն է, երբ սահանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով, ոչ թե դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու: Մոտ 1000 զոհ ենք ունեցել ասված խաղաղության ժամանակաշրջանում: Դա խաղաղություն չէ»,- հավելեց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց ծավալված քննարկման համար՝ ընդգծելով, որ իր երեկվա ելույթը բազմաթիվ քննարկումների արդյունք է եղել:

Ազգային ժողովը ՀՀ վարչապետի հորդորով մեկ րոպե լռությամբ հարգեց նահատակների հիշատակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել