ԱՄՆ Պետդեպը՝ ՀՀ-ում ԶԼՄ-ների մասին նոր օրենքի և լրատվականների սեփականատերերի անթափանց լինելու մասին
 |factor.am|
15:57 - 13 ապրիլի, 2022

ԱՄՆ Պետդեպը՝ ՀՀ-ում ԶԼՄ-ների մասին նոր օրենքի և լրատվականների սեփականատերերի անթափանց լինելու մասին |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2021 թվականի «Մարդու իրավունքների համաշխարհային զեկույցը», որում անդրադարձ կա նաև Հայաստանին։

Զեկույցի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը լրագրողների իրավունքները սահմանափակող օրենք է ընդունել՝ սահմանափակելով նրանց մուտքը խորհրդարանի որոշ տարածքներ։

Օգոստոսի 18-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, Ազգային ժողովի ղեկավարությունը փոփոխություններ է ընդունել խորհրդարանում աշխատող լրագրողների հավատարմագրման ընթացակարգում՝ սահմանափակելով նրանց մուտքը խորհրդարանի որոշ տարածքներ և այլևս թույլ չտալով նրանց հարցազրույցներ անցկացնել խորհրդարանի դահլիճից դուրս եկող կամ նրանց մոտեցող պատգամավորների հետ։ Զեկույցում նշվում է, որ մինչ փոփոխությունների պաշտոնական ընդունումը՝ խորհրդարանի վարչակազմը սահմանափակումներ էր կիրառում լրագրողների նկատմամբ։ Օգոստոսի 5-ին, օրինակ, Panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանին արգելել են մուտք գործել ԱԺ, իսկ ավելի ուշ նա կորցրել է հավատարմագրումը ԱԺ-ում՝ խորհրդարանի անցակետից ֆոտոռեպորտաժի պատճառով։ Տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչները դատապարտել են արգելքն ու խորհրդարանական ղեկավարության գործողությունները՝ նշելով, որ նման նախաձեռնությունները հետընթաց են և խաթարում են իշխանությունների ու լրատվամիջոցների միջև քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու ջանքերը։ Լիլիան Գալստյանի հավատարմագրումը վերականգնվել է օգոստոսի 17-ին։

Օգոստոսի 11-ին իշխող կուսակցության և ընդդիմության պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է դադարեցնել հանդիպման ուղիղ հեռարձակումը։ Անվտանգության ուժերը հավատարմագրված լրագրողներին և օպերատորներին արգելել են նկարահանել միջադեպը խորհրդարանի իրենց հատկացված սենյակից։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները դատապարտել են խոսնակի գործողությունները՝ ասելով, որ նա գերազանցել է իր լիազորությունները, և որ քաղաքացիներն իրավունք ունեն տեղյակ լինել, թե ինչ է կատարվում խորհրդարանում:

Օգոստոսի 24-ին խորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորների միջև ծեծկռտուքի ժամանակ անվտանգության աշխատակիցները բռնի ուժով հեռացրել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին մամուլի համար հատկացված սենյակից՝ թույլ չտալով նրանց շարունակել նկարահանումները: Ոստիկանները սպառնացել են News.am լրատվական կայքի օպերատոր Հայկ Տոնոյանին զրկել հավատարմագրումից, եթե նա շարունակի նկարահանումները և, ըստ Տոնոյանի, ջնջել են ծեծկռտուքի տեսագրությունը։ Նման դեպք տեղի է ունեցել օգոստոսի 25-ին խորհրդարանում հերթական ծեծկռտուքի ժամանակ։ Օգոստոսի 25-ին հրապարակված հայտարարության մեջ լրատվամիջոցների ներկայացուցիչները դատապարտել են, ինչպես իրենք են բնորոշել՝ խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող ոտնձգությունները: Հայտարարության մեջ սահմանափակումները որակվում են որպես խոսքի ազատության և հանրության տեղեկացված լինելու իրավունքի դեմ ուղղված անօրինական գործողություններ։

Զեկույցում նաև նշվում է, որ լրատվամիջոցները քաղաքականապես բևեռացված են եղել։ Անհատներին կամ խմբերին, որոնց մեծ մասը կապված է նախկին իշխանությունների կամ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, պատկանում էր հեռարձակվող լրատվամիջոցների և թերթերի մեծ մասը, որոնք հակված էին արտացոլել իրենց սեփականատերերի քաղաքական հայացքներն ու ֆինանսական շահերը: Նշվում է, որ իշխանամետ ԶԼՄ-ների թիվը սկսեց աճել տարվա ընթացքում, քանի որ պետական պաշտոնյաները կամ նրանց հետ կապված անձինք, ըստ տեղեկությունների, ձեռք բերեցին նոր լրատվամիջոցներ: Այդ լրատվամիջոցները նույնպես հակված էին արտացոլել իրենց սեփականատերերի տեսակետները:

Հեռարձակվող լրատվամիջոցները, հատկապես՝ Հանրային հեռուստատեսությունը, մնում է բնակչության մեծամասնության համար նորությունների և տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը։ Լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչների կարծիքով՝ Հանրային հեռուստատեսությունը շարունակել է նորություններն ու քաղաքական բանավեճերը ներկայացնել իշխանամետ տեսանկյունից, թեև այն հասանելի է մնացել ընդդիմության համար:

Նշվում է, որ Հանրային հեռուստատեսությամբ կողմնակալության դեպքերը հատկապես ակնհայտ էին նախընտրական շրջանում։ Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մեդիա մոնիթորինգը ցույց է տվել, որ հատկացված եթերաժամանակի առումով հանրային հեռարձակողը ամենաքիչ ուշադրությունն է դարձրել հիմնական ընդդիմադիր ուժին («Հայաստան» դաշինք): Զեկույցում նշվում է նաև, որ Հանրային հեռուստատեսությունը զգալի հաջողություններ է գրանցել նախընտրական բանավեճի մշակույթի ներդրման գործում։

Սոցցանցերի օգտատերերը տարբեր սոցիալական մեդիա հարթակներում ազատորեն արտահայտում էին իրենց կարծիքը կառավարության և նախկին իշխանությունների մասին: Սակայն սոցցանցերում կեղծ օգտահաշիվների կիրառումը և ԶԼՄ-ները մանիպուլյացիայի ենթարկելու փորձերը շարունակել են աճել նախընտրական շրջանում, թեև ընտրություններից հետո դրանք մի փոքր նվազել են:

Ապատեղեկատվության առանձնակի աճ է գրանցվել՝ կապված COVID-19-ի և պատվաստումների թեմաների հետ, ինչը հանգեցրել է տեղական հսկիչ կազմակերպությունների կողմից փաստերի ստուգման ջանքերի ավելացման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել