Վարչապետը հնարավոր լայնամասշտաբ պատերազմին դիմակայելու դեմ քայլերը բավարար չի գնահատում |armenpress.am|
13:49 - 13 ապրիլի, 2022

Վարչապետը հնարավոր լայնամասշտաբ պատերազմին դիմակայելու դեմ քայլերը բավարար չի գնահատում |armenpress.am|

armenpress.am: 44-օրյա պատերազմի ժամանակ բացթողումներն ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։

Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Ազարյանի հարցին, թե արդյոք անհրաժեշտ մակարդակով են ուսումնասիրվել պատերազմի ժամանակ բացթողումները, որոշ տեղերում սխալները և արդյոք անհրաժեշտ մակարդակով են պատրաստվում հավանական լայնածավալ պատերազմին։

«Իհարկե, չենք ուսումնասիրել ամբողջությամբ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ երբ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցավ, իրենց քաղաքական թիմի մոտեցումը հետևյալն էր՝ բանակում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չնշանակել:

«Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում նախարարի առաջին տեղակալ է եղել, հեղափոխության պահին արտակարգ իրավիճակների նախարար (Դավիթ Տոնոյան- խմբ.)։  Մեր քաղաքական թիմից ոչ մեկի չենք նշանակել պաշտպանության նախարարարությունում, բանակում, որովհետև մտածել ենք, որ բանակը, այնուամենայնիվ, մի ուրիշ ընտանիք է ու պետք չէ շատ մտնել այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել՝ հասկանալով, որ վտանգ կա, ամեն պահի կարող է էսկալացիա լինել և այս գիտակցմամբ մենք դա չենք արել»,-ասաց վարչապետը:

Նա հայտարարեց, թե 44-օրյա պատերազմից մի քանի օր հետո է իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր:

«Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք գնում, դժվա՞ր էր սաղավարտ կամ զրահաբաճկոն ձեռք բերել:  Այս ամենը համակարգային խոցեր են, ու ես կարծում եմ, որ մենք պետք է մինչև վերջ գնանք ու պարզենք ինչն ինչոց է»,-նշեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, թե այն գործողությունները, որ արվում են հնարավոր լայնամասշտաբ դրսևորումներին դիմակայելու համար, բավարար չի գնահատում:

«Մեր բանակն ամենադժվար փուլում է, որովհետև տրանսֆորմացիայի փուլը միշտ ամենադժվարն է: Այն, ինչ պետք է անենք և այն բարեփոխումները, որ մենք պետք է իրականացնենք, շատ դժվար ճանապարհ է, բայց նաև պետք է հասկանանք, որ այնտեղ ունենք որոշակի օբյեկտիվ սահմանափակումներ և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ սահմանափակումները հաղթահարվեն։ Այս է պատճառը, որ որոշում եմ կայացրել, որ Պաշտպանության նախարար պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ ու հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել։ Բայց վստահ էլ չեմ, որ հենց իսկզբանե էր պետք դա անել»,-ասաց վարչապետ Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել