«Այն կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով»․ Բայրամովը Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին |hetq.am|
13:45 - 13 ապրիլի, 2022

«Այն կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով»․ Բայրամովը Միրզոյանի հետ հեռախոսազրույցի մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցը կայացել է պրոֆեսիոնալ և կառուցողական հունով։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի առաջնորդների պայմանավորվածությունների շարունակման հետագա քայլերը։

Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը ողջունում է Հայաստանի կողմից արվող դրական քայլերը։ Բայրամովի ընդգծմամբ՝ առաջիկա օրերին և շաբաթներին չեն սպասվում որևէ արդյունքներ՝ այս գործընթացի հետ կապված։ «Իհարկե, կլինեն գործընթացի արդյունքներ, կձեռնարկվեն հաջորդող քայլեր։ Ադրբեջանական կողմն իր բարի մտադրություններն է հայտնել և ցուցադրում ոչ միայն խոսքերով, այլև գործնականում։ Դա տեղի կունենա, երբ մենք հակառակ կողմից դրական քայլեր կտեսնենք»,- ընդգծել է Բայրամովը։

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ կարևոր է, որ Հայաստանը կարծիք է արտահայտել, որ Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ սկզբունքներն ընդունելի են Հայաստանի համար։ «Դա պարզ է դարձել նաև Բրյուսելի հանդիպման ժամանակ: <...> Մենք սա շատ կարևոր քայլ ենք համարում, և կան նախանշաններ այս ուղղությամբ աշխատանքների շարունակման համար»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Դեռ նախորդ ամիս Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։

Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.

  1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։

  2. Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։

  3. Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։

  4. Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

  5. Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել