30 տարի Արցախի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն զբաղված են եղել թալանով. Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից հանեց դրոշը
11:32 - 12 ապրիլի, 2022

30 տարի Արցախի դրոշի ամրությունն ապահովելու փոխարեն զբաղված են եղել թալանով. Վահագն Ալեքսանյանը ԱԺ ամբիոնից հանեց դրոշը

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթից հետո, որը նաև ԱԺ ամբիոնին տեղադրել էր Արցախի Հանրապետության դրոշը, ելույթ ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա, մոտենալով ամբիոնին, հանեց Սեյրան Օհանյանի տեղադրած Արցախի դրոշը՝ նշելով. «Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա հանապազօրյա աշխատանք, պաշտպանության նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու այս դրոշը դնել ԱԺ ամբիոնին:

Դնել այն ժամանակ, երբ 30 տարի շարունակ այս դրոշը ճիշտ տեղերում դնելու փոխարեն ու այս դրոշի և Հայաստանի դրոշի ամրությունը ապահովելու փոխարեն զբաղված են եղել մի բանով՝ թալանով: Գան էստեղ, պոպուլիստական ելույթներ ունենան, թե իբր իրենք Արցախ պահող են, Հայաստան պահող են ու մտահոգներ են, բայց իրականում 30 տարում այդ նույն բաները գոչելով հարստացրել են սեփական գրպանները ու սեփական ընտանիքների գրպանները: Անել այնպես, որ մի հասարակ մաքսավոր, ով վերջերս անցնում է մի քրեական գործով, ունենա միլիոնավոր դոլարների ունեցվածք, 20 բնակարան Երևանի կենտրոնում, մի քանի մեքենա միլիոն դոլարն անցնող: Ես վստահ եմ, Արթուր Ղազինյանն այստեղից դուրս է եկել, հպարտ կեցվածքով նստել իր 300 հազար դոլարանոց մեքենան ու գնացել է Արցախը փրկելու, պաշտպանելու: Նույնը երևի Սեյրան Օհանյանն ու մնացածը, էլ չեմ խոսում Սերժ Սարգսյանի մասին:

Ես վստահ եմ, որ եթե ՀՀԿ-ն այստեղ տեղադրեն, օրինակ, Բադեն-Բադեն քաղաքի խորհրդանիշը իմ կարծիքով, Սերժ Սարգսյանն ավելի հաճույքով կնայեր այս նիստը: Որովհետև Արցախից եկած նախկին պաշտոնյաները ՀՀ-ում զբաղված են պոպուլիզմով: Զբաղված են սին քարոզով, որը ոչինչ չի տալիս:

Երբ մարդկանց հարցնում ես՝ ձեր առաջարկը ո՞րն է, ի՞նչ անի իշխանությունը, ինչ անի մեր պետությունը միակ պատասխանը դրան Հանրայինի եթերում Գեղամ մանուկյանի բաժակ ջարդելն էր»,-ասաց Վահագն Ալեքսանյանը:

Նա կոչ արեց քաղաքացիներին չտրվել դատարկ պոպուլիզմին, «որով զբաղված է ընդդիմությունը»:

Գլխավոր նկարը՝ ԱԺ-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել