Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր. հարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ |armenpress.am|
10:08 - 11 ապրիլի, 2022

Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր. հարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ |armenpress.am|

armenpress.am: Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ստացել են երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ, բայց քանի որ դրանք հիմնված են շատ ամուր հիմքի, պատմական հարուստ շփումների վրա, հայ-ռուսական հարաբերությունները մնացել են եղբայրական և դաշնակցային՝ ամրապնդվելով և հարմարվելով նոր իրողություններին: Այդ մասին հարցազրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների անցյալի, ներկայի և ապագայի մասին:

Դեսպանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները շատ խորը ավանդույթներ ունեն: Հայ և ռուս ժողովուրդները, ասում է դեսպան Կոպիրկինը, շատ մեծ ճանապարհ են անցել իրար հետ, և պատմական այդ ընդհանրությունը, համատեղ ձեռքբերումներն ու փորձությունները ստեղծել են երկու երկրների միջև փոխհարաբերությունների շատ նշանակալի և արժեքավոր ճարտարապետություն, որը վերաբերում է ե՛ւ քաղաքականությանը, ե՛ւ տնտեսությանը, ե՛ւ անվտանգության ոլորտին:

Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են Խորհրդային Միության փլուզումից և անկախացումից հետո՝ 1992 թ. ապրիլի 3-ին: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի օրը՝ 2022 թ. ապրիլի 3-ին, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները փոխանակվեցին ուղերձներով: Ի դեպ, այս տարի նշվելու է նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մեկ այլ կարևոր տարեդարձ՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը: Հիմնարար այս փաստաթուղթը ստորագրվել է 1997 թ. օգոստոսի 29-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՌԴ նախագահ Բորիս Ելցինի կողմից:

Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Երկու պետությունների միջև առկա են սերտ դաշնակցային հարաբերություններ, որոնց բնորոշ է ամենաբարձր և բարձր մակարդակներով երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությունը: Կողմերի միջև կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, այդ թվում՝ 1997-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը:

Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 841 մլն 153.568 հազար ԱՄՆ դոլար, ընդ որում՝ արտահանումը կազմում է ավելի քան 847 մլն 251 հազար դոլար, իսկ ներմուծումը (ըստ արտահանող երկրի)՝ 1 մլրդ 993 մլն 902 հազար դոլար:

 

- Պարոն Դեսպան, ինչպես գիտեք՝ այս տարի Հայաստանը և Ռուսաստանը տոնում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ս. թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները դիվանագիտական հարաբերությունների 30-րդ տարեդարձի առիթով փոխանակվել են ուղերձներով: Այս կապակցությամբ կուզեի հարցնել՝ շատ հաճախ երկու կողմն էլ ընդգծում են, որ Հայաստանն ու Ռուսաստանը առանձնահատուկ հարաբերություններ ունեն: Ասացեք, իսկ ի՞նչն է առանձնահատուկ դարձնում հայ-ռուսական հարաբերությունները, և ինչպե՞ս կգնահատեք 30-ամյա այն ճանապարհը, որ հաղթահարել են Հայաստանն ու Ռուսաստանը անկախության շրջանում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո:

- Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները առանձնահատուկ են դարձնում այն արժեքները, այն ավանդույթները, որոնք ձևավորվել են ռուս և հայ ժողովուրդների միջև հարյուրամյակների ընթացքում, և այն, ինչ արվել է վերջին 30 տարիներին, համոզված եմ, որ անքակտելիորեն կապված է պատմական այն ողջ ժամանակաշրջանի հետ, որի ընթացքում մեր ժողովուրդներն առնչվել և փոխգործակցել են: Եվ մեր պատմության այս ընդհանրությունը, համատեղ ձեռքբերումները, համատեղ փորձությունները ստեղծել են մեր երկու երկրների միջև փոխհարաբերությունների շատ նշանակալի և արժեքավոր ճարտարապետություն, որը վերաբերում է ոչ միայն քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգության ոլորտին, այլ առաջին հերթին հոգևոր ընդհանրությանը, զգալի առումով՝ քաղաքակրթական, մտավոր ընդհանրությանը, և այն ժառանգությունը, որ այսօր ունեն մեր երկրները մշակույթի, պետականաշինության, հասարակական-քաղաքական, տնտեսական մշակույթի ոլորտներում, զգալի առումով մեր ժողովուրդների փոխգործակցության արդյունքն է:

Եթե խոսում ենք հետխորհրդային շրջանի մասին, ապա վերջին 30 տարվա ընթացքում, իհարկե, մեր հարաբերությունները նոր բնույթ են ստացել՝ երկու անկախ, ինքնիշխան պետությունների հարաբերությունների բնույթ: Բայց քանի որ դրանք դրված են շատ ամուր հիմքի վրա, այդ հարաբերությունները մնացել են եղբայրական, դաշնակցային, և այն, ինչ միավորում է մեր ժողովուրդներին, ըստ իս՝ այս 30 տարվա ընթացքում ոչ միայն պահպանվել է, այլև ամրապնդվել է և հարմարվել է նոր իրողություններին:

Իսկ խոսել հանրահայտ այն փաստերի մասին, թե ինչպես ենք մենք կախված միմյանցից տնտեսապես, անվտանգության, քաղաքական ոլորտներում, մեր բազմաթիվ մշակութային, միջանձնային կապերում, կարծում եմ՝ ավելորդ է. բոլորս էլ շատ լավ գիտենք դա:

- Հետաքրքիր են ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունները, այլ նախ և առաջ հայերի և ռուսների, հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների հիմքը: Էթնիկ առումով մենք, իհարկե, տարբեր ենք, թեև հավատքը նույնն է: Ամեն դեպքում, մենք շատ լավ ենք իրար հետ լեզու գտնում և շատ լավ հասկանում ենք իրար: Ռուսաստանում հսկայական թվով հայեր են ապրում, շատ ռուսներ կան նաև Հայաստանում, մեծ թվով ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան հատկապես վերջին տարիներին: Ո՞ր գործոնները, հոգևոր և մշակութային ո՞ր արժեքներն են, Ձեր կարծիքով, մերձեցնում հայ և ռուս ժողովուրդներին:

- Հենց այն, ինչի մասին խոսում էի: Իսկապես, մեր հարաբերությունները շատ խորը ավանդույթներ ունեն, մենք իսկապես շատ մեծ ճանապարհ ենք անցել իրար հետ, և մեզ մերձեցնում են հոգևոր արժեքները և մշակույթը: Իսկապես, մեր ժողովուրդների մշակույթը զարգացել է շատ սերտ միահյուսման մեջ: Դրանք, կարծում եմ, ընդհանրության բազմաթիվ տարրերն են մեր գիտակցության մեջ:

- Խոսքը հավանաբար հիմնականում խորհրդային կամ հետխորհրդային ժառանգությա՞ն մասին է:

- Գիտեք, ես դա չէի տանի դեպի խորհրդային կամ հետխորհրդային երևույթներ: Մենք իսկապես ապրել և փոխգործակցել ենք միասին դարեր շարունակ՝ պատմական տարբեր շրջափուլերում և շատ մեծ ազդեցություն ենք գործել միմյանց վրա՝ մշակութային, մտավոր, հոգևոր, և այսօր այդ ամենը, բնականաբար, իր արտացոլումն է ունենում:

- Իսկ ի՞նչ ընկալում ունի Հայաստանը Ռուսաստանում:

- Հայաստանը Ռուսաստանում ընկալվում է իբրև դաշնակից, եղբայրական երկիր: Դուք քիչ առաջ հիշատակեցիք, որ շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան: Կարծում եմ՝ դա պատահական չէ: Բացի այն, որ մուտքի ռեժիմն է շատ պարզեցված, մեծ դեր է խաղում նաև այն, որ ռուսաստանցիները շատ լավ են զգում իրենց այստեղ՝ ճիշտ այնպես, ինչպես, ես համոզված եմ, շատ լավ են իրենց զգում հայերը Ռուսաստանում:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել