Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե անցկացնելու հարցը դեռ օրակարգում է․ Ջեյմս Ուորլիք |news.am|
21:48 - 10 ապրիլի, 2022

Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե անցկացնելու հարցը դեռ օրակարգում է․ Ջեյմս Ուորլիք |news.am|

news.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել news.am-ին։ Նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը, այս փուլում Եվրամիության միջնորդական ջանքերի ակտիվացմանը, հարցին, թե երբ և ինչ պայմաններում Արցախի կարգավիճակի հստակեցման և ինքնորշման իրավունքի իրացման հարցերը կարող են նորից բանակցությունների առարկա դառնալ։ Ուորլիքը նաև անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան չեղյալ են հայտարարել ՄԽ եռանախագահության ձևաչափը։

- Դուք դադարեցրել եք Ձեր գործունեությունը Մինսկի խմբում 6 տարի առաջ։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է փոխվել Մինսկի խումբը իր ունեցած դերի և արդյունավետության տեսանկյունից։

Ստեղծվելուց ի վեր ԵԱՀԿ Մինսկի խումբը և համանախագահները չափազանց կարևոր դեր են խաղացել կողմերի երկխոսությունը կազմակերպելու հարցում։ Այն բացառիկ ձևաչափ է եղել նաև որպես ԵԱՀԿ-ի մաս՝ որպես համանախագահող երկրների համախմբելով Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը։ Նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները տարբեր խնդիրների բերումով լարվել էին, Լեռնային Ղարաբաղի խնդիրն այն հարցերից մեկն էր, որի դեպքում կարողանում էինք համատեղ աշխատել։ Ես շատ լավ հարաբերություններ ունեի իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ և հպարտությամբ եմ ասում, որ մենք շատ լավ, գործընկերային և համագործակցային միջավայրում ենք աշխատել իրար հետ։ Հույս ունեմ՝ ապագայում ևս այդպես կլինի։

- Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ալիևը շարունակում է պնդել, թե Մինսկի խումբը սպառել է իրեն և պետք չէ, քանի որ հակամարտությունը, ըստ նրա, գոյություն չունի այլևս։ Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Մինսկի խմբի մանդատն այլևս անհրաժեշտ չէ։

Կարծում եմ՝ Մինսկի խումբը դեռ դերակատարում ունի։ Եթե ոչ Մինսկի խումբն ու համանախագահները, ապա միջազգային հանրության մեկ այլ հատված պետք է նման պատասխանատվություն ստանձնի։ Ես չեմ կարծում, որ դա բացառապես Ռուսաստանի ձեռքում պետք է լինի, և կարծում եմ, որ հակամարտության կողմերն առկա խնդիրների ուղղությամբ աշխատելու համար միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Եթե նոր մեքենա ստեղծելու ցանկություն կա, ես դա շատ լավ հասկանում եմ, բայց այն ստեղծվելու դեպքում պետք է Մինսկի խմբի նման լինի։

- Ալիևը նաև հայտարարում է, որ Մինսկի խմբի գործունեությունը նախորդ տարիների ընթացքում անօգուտ է եղել հակամարտությունը կարգավորելու հարցում։ Ձեր կարծիքով Մինսկի խմբի համանախագահության գործադրած ջանքերն ի՞նչ կարևորություն են ունեցել բանակցային գործընթացում։

Ես կարծում եմ, որ Մինսկի խումբն ու համանախագահները կարողացել են ապահովել քննարկումների շարունակականությունը և ավելի վաղ խուսափել լուրջ հակամարտությունից։ Ինչպես պարզվեց, այսքան տարի անց նոր հակամարտությունը պատահական չեղավ, բայց ռազմական գործողություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը կարևոր է։ Ես հավատում եմ, որ Մինսկի խումբը շարունակում է դերակատարում ունենալ։

- Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Բրյուսելում պայմանավորվածություն են ձեռք բերել սկսել խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստական աշխատանքները։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին բառ անգամ չկար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան չեղյալ են հայտարարել Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը և այլևս չեն ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ այդ ձևաչափում։ Սա նշանակում է, որ Մինսկի խումբն ընդհանրապես դու՞րս է մղվում գործընթացից։

Լավ հարց է։ Հաշվի առնելով Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջև առկա լարվածությունը՝ զարմանալի չէ, որ Մինսկի խումբը գործընկերային և համագործակցային ձևով չի կարողանում հիմա աշխատել։ Դա չի նշանակում, որ այն ապագայում դեր չի խաղալու, ես հավատում եմ, որ այն կարող է գործել։ Կարծում եմ՝ այժմ կարող է դեր խաղալ Եվրոպական խորհուրդը կամ մեկ այլ կառույց։ Եվրոպական խորհուրդը ցանկանում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Ես ողջունում եմ, որ Եվրոպական խորհրդի նախագահը նման նախաձեռնությամբ է հանդես եկել։ Դա ևս կարող է հավասարապես արդյունավետ աշխատել։ Բայց իմ կարծիքով կարևոր է, որ այս հարցում միջազգային հանրության միջնորդություն լինի։

- Լեռնային Ղարաբաղում իրավիճակն արդեն ավելի քան մեկ ամիս լարված է, բայց Մինսկի խմբի համանախագահները ոչ մի հայտարարություն չեն տարածել մինչ օրս։ Ընդհանուր առմամբ, Մինսկի խումբը պատերազմից հետո շատ պասիվ է գործում։ Չե՞ք կարծում, որ նախորդ մեկուկես տարում ձևաչափն իր ողջ ներուժով չի գործել։

Ըստ էության, հակամարտության կողմերին ենք վերադառնում։ Եթե կողմերը չեն ցանկանում, որ Մինսկի խումբը լինի, այն չի կարող արդյունավետ աշխատել։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է որոշեն՝ արդյո՞ք Մինսկի խումբը կարող է դեռ դերակատարում ունենալ, եթե այո, ապա որն է լինելու այն։ Ես հավատում եմ, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը կարող են այդ դերակատարումն ունենալ։ Մենք չենք ուզում, որ շատ այլ հարցերի պատճառով Ղարաբաղյան հակամարտությունը մոռացի, միջազգային հանրությունն էլ այլևս ուշադրություն չդարձնի դրան, ոչ էլ, որ Ռուսաստանը հակամարտության միակ միջնորդը դառնա, դա նույնպես ցավալի կլինի։ Ես հավատում եմ, որ Մինսկի խումբը շարունակում է դեր խաղալ, և հավատում եմ, որ այս հարցը հետագայում ևս պետք է քննարկվի ԵԱՀԿ-ի շրջանակում՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։

- Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունները տեղի ունենան իր ներկայացրած 5 սկզբունքների հիման վրա, որոնք հիմնականում մեկը մյուսի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչելուն են վերաբերում։ Դրանցում ոչ մի բառ չկա Արցախի ժողովրդի իրավունքների մասին։ Որքանո՞վ է այս սցենարը համապատասխանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն տեսլականին, որին տարիներ շարունակ ձգտել են համանախագահները։

Կարծում եմ՝ վերադառնում եք այն հիմնարար սկզբունքներին, որոնք առկա են եղել որոշակի ժամանակ։ Դրանք դեռ երկարատև խաղաղության հիմքն են կազմում։ Տարածքային ամբողջականության սկզբունքը դրա կարևոր մի մասն է, և, ինչպես ես եմ հասկանում, արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է հենց այսպիսի քննարկումներ ունենալ այն հարցի վերաբերյալ, թե որտեղով են անցնում սահմանները։ Բայց միայն այս հարցերը չեն, որոնք լուծման կարիք ունեն։ Կարգավիճակը հարցը շարունակում է չկարգավորված մնալ, և այն պետք է քննարկումների մաս կազմի։ Ոգևորիչ է տեսնել, որ կողմերը շփվում են միմյանց հետ, Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեցին, արտգործնախարարներն են խումբ ստեղծել, որպեսզի սկսեն այս բանակցությունները։ Շատ հարցեր են լինելու օրակարգում․ խոսքը միայն տարածքային ամբողջականության մասին չէ, խոսքը նաև ռեսուրսների, հաղորդակցության ուղիների մասին է։ Հայկական կողմի համար, իհարկե, խոսքը կարգավիճակի մասին է։

- Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր նկատմամբ տարածքային պահանջներից՝ այդկերպ ձգտելով հակամարտությունը որպես տարածքային խնդիր ներկայացնել, մինչդեռ հայկական կողմը պնդում է, որ սա ոչ թե տարածքի, այլ իրենց պատմական հայրենիքում ապրող հայերի ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Պաշտոնավարման տարիներին ինչպիսի՞ն էր հակամարտության էության մասին Ձեր անձնական պատկերացումը։

Այս հակամարտությունը միշտ էլ շատ բարդ է լինելու կարգավորել, քանի որ տարածքային ամբողջականության և կարգավիճակի հարցերի միջև մշտապես բնական լարվածություն գոյություն ունի։ Բայց եթե խոսքը տևական խաղաղություն հաստատելու մասին է, բոլորն էլ գիտեն, որ պետք է առկա բոլոր հարցերը դրվեն բանակցային սեղանին, և ոչ թե միայն տարածքային ամբողջականության հարցը։ Ես հավատում եմ, որ Ադրբեջանն էլ սա միշտ հասկացել, հասկացել են, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Մենք չենք ուզում, որ այդ հարցերը մարտադաշտում կարգավորվեն․ դրանք պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Բանակցությունները հեշտ չեն լինելու՝ դրանք ժամանակ կպահանջեն, շատ հարցեր կան, որոնց վրա պետք է աշխատել, բայց դա պետք է արվի` երկու կողմերի համար էլ երկարատև խաղաղության ապահովելու նպատակով։

- Համանախագահ բոլոր երկրներն էլ հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հարցը մնում է չլուծված։ Հայաստանում հաճախ տպավորություն է ստեղծվում, որ այս հայտարարությունները ենթադրում են հենց Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ։ Ի՞նչ տպավորություն ունեք՝ կոնկրետ ի՞նչ կարգավիճակ նկատի ունեն համանախագահող երկրները, երբ հայտարարում են Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։

Սա մի հարց է, որի լուծմանը պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներգրավվի։ Մշտապես համարվել է, որ տարածքային ամբողջականության հարցը պետք է լուծվի, բայց նաև կարիք է լինելու, որ պատեհ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե պետք է անցկացվի։ Կարծում եմ՝ սա դեռ օրակարգում է և կարող է ապագա կարգավիճակի հիմքը ստեղծել։ Հավատում եմ, որ հարցը դեռ առկա է, և առաջիկա քննարկումների մաս է կազմելու։

Շարունակությունը՝ news.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել