ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները
20:05 - 08 ապրիլի, 2022

ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմը:

Պաշտպանը, ողջունելով դեսպանին ՄԻՊ աշխատակազմում, ներկայացրել է Սահմանադրական մանդատի հովանու ներքո Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը և Պաշտպանի ինստիտուտի հանդեպ հանրային բարձր վստահության մակարդակը՝ որպես այդ առաքելությունը հաստատակամորեն իրագործելու լավագույն երաշխիք։

Դեսպանն իր հերթին ուրախություն է հայտնել Քրիստիննե Գրիգորյանի հետ համագործակցությունը ՄԻՊ առաքելության շրջանակում շարունակելու համար և նշելով Պաշտպանի գործունեության կարևորությունը՝ ընդգծել է, որ իր երկրում Մարդու իրավունքների պաշտպանը պետության հինգ հիմնասյուներից մեկն է։

Դեսպան Սխերմերսի առաջարկով Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները։ Մասնավորապես՝  մարդու իրավունքներով պայմանավորված անվտանգային միջավայրի խնդիրները՝ ընդգծելով, որ սահմանային անվտանգություն ասելով՝ նախևառաջ, պետք է նկատի ունենալ մարդու իրավունքների կենսագործման լիարժեք ապահովող միջավայրը։

Հաջորդիվ, Քրիստիննե Գրիգորյանը դեսպան Սխերմերսին ներկայացրել է հետպատերազմական խնդիրներով պայամանավորված՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները։ Անդրադարձել է խտրականության բոլոր ձևերի արգելքի և ընտանիքում բռնության կանխարգելման, ինչպես նաև ատելության խոսքի բացառման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներգրավմամբ արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը։

Պաշտպանն ընդգծել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների առաջնահերթությունը՝ դիտարկելով նրանց, որպես հանրային կյանքին իրենց ավանդը բերելու կարող ուժեր։

Ներկայացված առաջնահերթությունների ուղղությամբ դեսպանը ներկայացրել է ատելության խոսքի բացառման ուղղությամբ բազմակուսակցական ժողովրդավարության միջոցների կիրառման նիդեռլանդական փորձը, և համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակում փորձագետների ներգրավմամբ նախանշված խնդիրները վերհանելու և ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել